ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ԽՆԱՅԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏԸ՝ ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ԴՈՒՐՍԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայկական կողմն հեռատես չի վարվել՝ աստիճանաբար հրաժարվելով անցակետերում ռուս սահմանապահների օգնությունից։ Ռուսական ներկայությունը զգալիորեն դյուրացնում էր անվտանգության ապահովման գործում ՀՀ իշխանությունների խնդիրները։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։
Նրա խոսքով`նախքան հարցնելը, թե ինչ կարող է անել Ռուսաստանը Հայաստանի անվտանգության ապահովման համարկամ Մոսկվային իր պարտավորությունների չկատարման համար մեղադրելը, պետք է ընբռնել Հայաստանի իշխանությունների քայլերի շարժառիթները, հասկանալ, թե ինչ են անում: Իսկ, ըստ փորձագետի, այստեղ շատ հետաքրքիր պատկեր է ուրվագծվում։
«Հայաստանն անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում մարդկային ռեսուրսների, տեխնիկական, ֆինանսական և այլն: Սակայն այս ֆոնին իշխանություններն աստիճանաբար հեռացնում են ռուս սահմանապահներին՝ նախ «Զվարթնոց» օդանավակայանի անցակետից, ապա հայ-իրանական, իսկ վերջերս նաև հայ-թուրքական սահմանից: Մինչդեռ Երևանը կարող էր հսկայական միջոցներ տնտեսել այնտեղ ռուս սահմանապահների ներկայության հաշվին և այդ ռեսուրսներն ուղղել ավելի հրատապ խնդիրներ լուծելուն, օրինակ՝ զենքի լրացուցիչ խմբաքանակներ գնելուն», - ասաց մեր զրուցակիցը։
Բայց հայկական կողմն անում է ճիշտ հակառակը՝ նախընտրելով ռեսուրսները ծախսել սահմանային անվտանգության ապահովման վրա, ոչ թե պաշտպանական կարողությունների ապահովումը Ադրբեջանի հետ հնարավոր հակամարտության դեպքում:
Իր հերթին Ռուսաստանը, ընդգծված հարգանքով վերաբերվելով Հայաստանի իշխանությունների որոշումներին, չի կարող բռնի կերպով մնալ այստեղ։ Եվ երբ շատերը զարմանում են, թե ինչպես և ինչու է Ռուսաստանը հեշտությամբ համաձայնում դուրս բերել իր սահմանապահներին, ապա պետք է հասկանան, որ դա ի վերջո օկուպացիոն ռեժիմ չէր:
Խալաթյանը նշում է, որ ՀՀ իշխանությունները գրեթե դադարեցրել են անվտանգության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցությունը։ Պաշտոնապես ՀՀ–ն մնում է ՀԱՊԿ-ում, թեև հայտարարել է իր անդամակցության սառեցման մասին։ Արդյունքում, անհասկանալի վիճակ է. կազմակերպության կանոնադրության մեջ «սառեցում» ամրագրված չէ ։ Ռուսաստանի հետ ոչ մի համատեղ զորավարժություն չի անցկացվում, մինչդեռ հայ զինվորականները պարբերաբար մասնակցում են ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, եվրոպական երկրների հովանու ներքո անցկացվող վարժանքներին: ՀՀ իշխանությունները սիրում են կրկնել, որ Հայաստանը չպետք է ֆորպոստ լինի՝ նկատի ունենալով կախվածությունը Ռուսաստանից։ Բայց բոլորը մոռացել են Էմանուել Մակրոնի երկու տարվա վաղեմության հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի և Եվրոպայի միջև բուֆերային գոտի է։ Մակրոնի այս խոսքերից ոչ ոք չի նեղանում, հավանաբար այն պատճառով, որ դա ասում է Ֆրանսիայի նախագահը։
Փորձագետը, այնուամենայնիվ, արձանագրում է, որ այժմ Հայաստանը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում չէ, քանի որ բազմաթիվ այլ խնդիրներ ունի: Մոսկվայում կարծում են, որ հիմա իրենց վարած պատերազմից է կախված երկրի ապագան, և այս ֆոնին կարևոր չէ, թե ինչ հայտարարություններ են անում Հայաստանի կամ Ադրբեջանի իշխանությունները։ Բայց հենց այս գոյաբանական պայքարն ավարտվի, արդեն այդ ժամանակ կարելի է ակնկալել այլ գոտիներում և տարածաշրջաններում ռուսական քաղաքականության արմատական փոփոխություն։
Հիշեցնենք, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից ՌԴ սահմանապահները ծառայություն չեն իրականացնում Երևանի «Զվարթնոց»օդանավակայանի սահմանային անցակետում։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ից հայ-իրանական սահմանի «Մեղրի» անցակետի նկատմամբ վերահսկողությունը նույնպես անցել է Հայաստանի սահմանապահներին, իսկ փետրվարի 28-ին հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետում 2022 թվականից տեղակայված ռուս սահմանապահներին փոխարինել են հայ գործընկերները։ Անցած տարի ևս ռուս զինվորականները հեռացել էին հայ-ադրբեջանական սահմանի մի շարք հատվածներից։