Բեռնատարների դիզվառելիքի թանկացման հարցը կքննարկի հայ-իրանական մասնագիտական խումբը

Հայաստանի և Իրանի մասնագիտական խմբերը կհանդիպեն ու կքննարկեն տրանսպորտային փոխադրումներին առնչվող հարցերի ամբողջ համալիրը և կփորձեն փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն՝ պատասխանելով դիզվառելիքի թանկացման վերաբերյալ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Sputnik Արմենիան 2024 թվականի նոյեմբերի 17-ին գրել էր, որ հայկական բեռնատարների վարորդները փակել են դեպի «Ագարակ» անցակետ տանող ճանապարհը։ Գործող կանոնների համաձայն՝ հայկական բեռնատարները Իրան են մտնում դատարկ բաքերով, որոնք վերադարձին պետք է լիցքավորված լինեն։ Այս կարգավորումը գործել է տարիներ շարունակ, բայց վերջին ժամանակաշրջանում մաքսատանը վառելիքի գինը կտրուկ բարձրացել է, ինչն էլ առաջացրել է հայաստանյան բեռնափոխադրողների դժգոհությունը։

ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը նշված խնդիրը մի քանի անգամ բարձրացրել է իրանական կողմի հետ տարբեր քննարկումների ընթացքում:

«Փետրվարի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի և ԻԻՀ ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի, ինչպես նաև վերջինիս տեղակալի հետ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում իրանցի գործընկերոջ ուշադրությունը կրկին հրավիրվել է հարցի վրա»,-հայտնում է ԱԳՆ-ն։

Հիշեցնենք` իրանական մաքսակետում օտարերկրյա պետհամարանիշներով բեռնատարների դիզվառելիքի գների վերջին կտրուկ աճը լուրջ խնդիր է դարձել հայ վարորդների համար։

2024–ի նոյեմբերին հարցը քննարկել էին երկու երկրների արտգործնախարարները։