ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ USAID ծրագրերի 83%-ը փակվում է

ԱՄՆ–ը պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության` USAID ծրագրերի 83%-ը վեց շաբաթ տևած վերանայումից հետո։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի X սոցիալական ցանցում արված գրառմանը։

Մարկո Ռուբիոն նշել է, որ USAID ծրագրերի մեծ մասով տասնյակ միլիարդավոր դոլարներ է ծախսվել այն նպատակների վրա, որոնք չեն ծառայում Միացյալ Նահանգների շահերին։

«Վեց շաբաթ վերանայումից հետո մենք պաշտոնապես փակում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը: 5200 պայմանագրերը, որոնք չեղարկվում են, տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել, և երբեմն նույնիսկ վնասել են Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերը»,- գրել է Ռուբիոն:

Նա նշել է, որ մնացած մոտ 1000 ծրագրերն այժմ պետք է ավելի արդյունավետ իրականացվեն Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո։

Ավելի վաղ ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։

Նա X-ում գրել էր, որ USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մարկո Ռուբիոյին նշանակել է USAID-ի ղեկավարի պաշտոնակատար, և նա Կոնգրեսին տեղեկացրել Է գործակալության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնության վերանայման մասին:

Sputnik Արմենիա