ԵՄ-ն առաջարկել է խստացնել անօրինական միգրանտների դեմ պայքարի մեթոդները

Եվրահանձնաժողովը առաջարկ է ներկայացրել խստացնել անօրինական միգրանտների դեմ պայքարի մեթոդները, ներառյալ անօրինական միգրանտների համար կալանավայրերի ստեղծումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին նշված է ԵՄ-ի կողմից հրապարակված փաստաթղթում։

Առաջարկը գալիս է ԵՄ երկրներում ընտրական հաջողությունների ֆոնին աջակողմյան քաղաքական ուժերի կողմից, որոնք հանդես են գալիս միգրացիայի կտրուկ սահմանափակումների օգտին:

«Այս առաջարկը ներկայացնում է ԵՄ-ում անօրինական կերպով գտնվող և իրենց երկրներ տեղափոխման վերջնական որոշման ենթակա անձանց վերադարձնելու օրինական հնարավորություն՝ երկկողմ կամ ԵՄ մակարդակով կնքված համաձայնագրի կամ պայմանավորվածության հիման վրա», - ասված է փաստաթղթում։

Բացի այդ, Եվրահանձնաժողովն առաջարկում է խստացնել պատժամիջոցներն այն օտարերկրացիների համար, ովքեր հրաժարվում են լքել ԵՄ-ն համապատասխան որոշումներից հետո։ Խոսքն ավելի երկար ժամկետների ազատազրկման մասին է՝ մինչև 24 ամիս, փաստաթղթերի բռնագրավմամբ և ԵՄ մուտքի արգելքով։