Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում ցուցմունք են տվել էթնիկ հայեր
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ Բաքվի դատարանում «ցուցմունքներ» են տվել երկու հայ՝ Կամո Էդուարդի Հայրապետյանը և Մուշեղ Գուրգենի Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նիստի ընթացքում Վարդանյանը կրկին միջնորդել է դատավորներին բացարկ հայտնել, սակայն միջնորդությունը նույնիսկ չի քննարկվել:
Նա, ինչպես և նախկինում, հրաժարվել է պատասխանել հարցերին։
Իսկ ահա «վկաներն» իբր ասել են, որ Վարդանյանը ֆինանսավորել է ջոկատների ստեղծումը և տարածքների ականապատումը, երեք ռազմական պահեստների կառուցումը՝ երկուսը Ստեփանակերտում և մեկը Ասկերանում, որտեղ «գործել են Հայաստանի բանակի զինծառայողներ և ԼՂ զինվորականներ»։
Ցուցմունք տվող հայերը հայտարարել են, որ իբր Վարդանյանը կարողացել է այդ պահեստներում բերել և հավաքել զգալի քանակությամբ զենք–զինամթերք, դրոններ և այլ ԱԹՍ–ներ, և «քարոզել է զինվել և կռվել ադրբեջանցիների դեմ»։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 18-ին:
Ավելի վաղ իր տեսաուղերձում Վարդանյանն ասել էր, որ դատում են ոչ թե իրեն և ևս 15 հոգու, այլ բոլոր հայերին: Նա Բաքվում տեղի ունեցողը որակել է իմիտացիա և շոու։
Sputnik Արմենիա