Հատուկջոկատայինները բերման են ենթարկել ԱԺ պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցներին
Shamshyan.com–ի տեղեկություններով ժամեր առաջ դիմակավորված հատուկջոկատայինները Թումանյան փողոցում ստուգել են Ազգային ժողովի պատգամավորներից մեկի անվտանգության աշխատակիցների մեքենաները։
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Թումանյան փողոցում մի քանի ավտոմեքենաներ ուղեկցում են միմյանց և կան կասկածներ, որ հնարավոր է՝ նրանց մոտ լինի զենք-զինամթերք։
Հատուկջոկատայինները Թումանյան փողոցում հայտնաբերել են նշված շարասյունը և 4 անձի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով տեղափոխել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են դիմակավորված հատուկջոկատայինները Թումանյան փողոցում կանգնեցնում մեքենան և ստուգումներ անում:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բերման ենթարկվածները ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներն են։
News.am