ՄԱՐՏԻ 13-14-Ի ԳԻՇԵՐԸ ԿԼԻՆԻ ԼՈՒՍՆԻ ԼՐԻՎ ԽԱՎԱՐՈՒՄ

Մարտի 13-14-ի գիշերը Երկրի բնակիչները ականտես կլինեն Լուսնի լրիվ խավարման։ Սա կլինի Լուսնի առաջին լրիվ խավարումը 2022թ նոյեմբերից հետո և առաջինը՝ մոտակա երեք խավարումներից, որոնք տեղի կունենան 2025-2026 թվականների ընթացքում։

Մյուս խավարումները կլինեն՝

.2025թ սեպտեմբերի 8-ին (լրիվ),

.2026թ մարտի 3-ին (լրիվ),

.ինչպես նաև 2026թ օգոստոսի 28-ին (մասնակի)։

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ Հայաստանից հնարավոր չէ դիտել առաջիկա խավարումը, քանի որ այդ ժամանակ այստեղ ցերեկ է։

Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Արեգակը, Երկիրը և Լուսինը դասավորվում են այնպես, որ Լուսինն ամբողջությամբ հայտնվում է Երկրի ամենամութ ստվերում, որը կոչվում է ամբրա։

Երբ Լուսինը գտնվում է ամբրայի մեջ, այն ստանում է կարմրա-նարնջագույն երանգ։

Ինչու՞ է Լուսնի խավարման ժամանակ Լուսինը կարմրում։

Նույն երևույթը, որը երկինքը դարձնում է կապույտ, իսկ մայրամուտները՝ կարմիր, Լուսնի խավարման ժամանակ Լուսնին տալիս է կարմրա-նարնջագույն գույն։

 Արեգակի լույսը սպիտակ է, սակայն այն բաղկացած է գունային սպեկտրի տարբեր բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրը բեկման տարբեր հատկություն ունի։

Կապույտ լույսը հեշտությամբ ցրվում է Երկրի մթնոլորտով անցնելիս, մինչդեռ կարմիր լույսը ավելի քիչ է ցրվում և ուղիղ տարածվում է։ Երբ Արեգակը բարձր է երկնքում, մենք տեսնում ենք կապույտ լույսի ցրվածությունը։

Սակայն արևածագի և մայրամուտի ժամանակ, երբ Արեգակը մոտ է հորիզոնին, լույսը պետք է անցնի Երկրի մթնոլորտի ավելի հաստ շերտով, այսինքն ավելի երկար ճանապարհով։

Կապույտ լույսը ցրվում է, իսկ դեղինից մինչև կարմիր լույսի ալիքները հասնում են դիտողին։

Panorama.am