Վարդապետյանը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել Հովիկ Աղազարյանին և Տարոն Մարգարյանին
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովին միջնորդել է պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրությամբ փաստաթղթում նշվում է, որ Ազգային ժողովը որոշել է համաձայնություն տալ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի և անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդության հարցով նիստ գումարելուն։
Ի՞նչ է արել Հովիկ Աղազարյանը
Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին մերժեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մանդատը վայր դնելու խնդրանքը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Աղազարյանին մեկ այլ գործով կանչել են հարցաքննության, և քննիչն առգրավել է Աղազարյանի հեռախոսը։ Պատգամավորը դեկտեմբերի 4-ին հայտնեց` քննիչի մոտ գտնվող իր հեռախոսի բազմաթիվ նյութեր, նամակներ հայտնվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ` չնայած իրավապահները հավաստիացրել են, որ ծանոթանալու են միայն գործին առնչվող նյութերին։
Փաշինյանը նույն օրը հայտարարեց, թե պատգամավորի բջջայինի մեջ այնպիսի տեղեկություններ կան, որոնք պետական անվտանգության սպառնալիքներ են պարունակում, այդ թվում` հակահետախուզական։
Պատգամավորը դեկտեմբերի 3-ին հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, իսկ հաջորդ օրը հայտարարեց, որ դուրս է գալիս նաև ՔՊ խմբակցությունից։
Դեկտեմբերի 10–ին հայտնի դարձավ, որ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ինչպես են նրա անձնական տվյալները հայտնվել երրորդ անձանց մոտ։
Ի՞նչ է արել Տարոն Մարգարյանը
2022 թվականի հուլիսի 11-ին ՀՀ դատախազությունը Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին, նրա կնոջը՝ Գոհար Սարգսյանին, դստերը` Սուսաննա Մարգարյանին, որդիներին` Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին ծանուցում էր ուղարկել` ներկայանալու ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
2023 թ. հունվարի 11–ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանից, նրա հետ փոխկապակցված վեց անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 մլրդ 528 մլն 800 հազար 500 դրամին համարժեք գույքը կամ դրա անհնարինության դեպքում՝ գումարը: