Ռուբիո․ Ռուսաստանի դեմ ԱՄՆ սահմանած բոլոր պատժամիջոցներն ուժի մեջ են մնում

Միացյալ Նահանգները Ռուսաստանին զենք չի մատակարարել: ԱՄՆ-ն օգնություն չի ցուցաբերում Ռուսաստանին: Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները ուժի մեջ են: Դրա մասին Իռլանդիայի «Շանոն» միջազգային օդանավակայանում լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ ԱՄՆ կատարելիք թռիչքի ժամանակ, գրում է The Guardian-ը։

«Դրանք բավականին կոշտ են։ … Ուզում եմ ասել, որ մենք որևէ քայլ չենք ձեռնարկել այս խնդիրներից որևէ մեկը մեղմելու համար: Այդ խնդիրները դեռ կան, բայց մենք կարծում ենք, որ կառուցողական չէ, որ ես այսօր դուրս գամ այստեղ և սկսեմ սպառնալիքներ հնչեցնել, թե ինչ ենք անելու, եթե Ռուսաստանը «ոչ» ասի: Հուսանք, որ նրանք ՝ «այո»,- կասեն»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նա նաև մեկնաբանել է Ուկրաինայի դրական արձագանքը հրադադարի առաջարկին՝ նշելով, որ այժմ մնում է, որ Ռուսաստանն «այո» ասի:

«Եթե Ռուսաստանն «այո» ասի, դա շատ լավ նորություն կլինի, և մենք կսկսենք այս գործընթացը և կանենք ամեն ինչ, որպեսզի այն առաջ տանենք: Եթե ​​նրանք «ոչ» ասեն, ապա ակնհայտ է, որ մենք պետք է ուսումնասիրենք դա և մի տեսակ պարզենք, թե որն է մեր դիրքն աշխարհում և որոնք են նրանց իրական մտադրությունները: Եթե ​​նրանք «ոչ» ասեն, դա մեզ շատ բան կպատմի նրանց նպատակների և մտածելակերպի մասին, բայց ես չեմ ուզում դրան անդրադառնալ, քանի դեռ նրանք մեզ չեն պատասխանել»,- ասել է Մարկո Ռուբիոն։

Ըստ նրա՝ ռուսական կողմը «պատրաստակամություն է հայտնել որոշակի հանգամանքներում, որոնք իրենք չեն նշել, վերջ դնել այս հակամարտությանը»։

«Այժմ մենք պետք է ստիպենք Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Եթե ​​դա անեն, ու կրակոցները դադարեն, կարծում եմ՝ աշխարհում շատ լավ օր կլինի։ Ակնհայտ է, որ այստեղ ոչ ոք չի ձևացնում, թե բանակցությունները հեշտ, արագ կամ առանց բարդության են լինելու, բայց մենք համենայն դեպս հասել ենք այդ կետին։ Եթե ​​նրանց պատասխանը բացասական է, ակնհայտորեն մենք պետք է զբաղվենք դրանով, և այդ պահին մենք պետք է դրա հիման վրա որոշումներ ընդունենք: Մենք դեռ այդտեղ չենք հասել: Հուսով եմ՝ պատասխանը դրական կլինի»,- հավելել է նա։

News.am