Կանադան մարտի 13-ից 25 % մաքսատուրք է սահմանում ամերիկյան ապրանքների համար
Կանադայի կառավարությունն առաջիկայում պատրաստվում է կտրուկ բարձրացնել մաքսային սակագները, որոնք կանդրադառնան ամերիկյան գրեթե 30 միլիարդ դոլարի ապրանքների վրա: Այս մասին հայտնում է CBS-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ինչպես հեռուստաալիքին ասել է Կանադայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյան, այս որոշումը պատրաստվում է ի պատասխան Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերի, որոնք վերաբերում են Կանադայից պողպատի և ալյումինի ներկրմանը (Կանադան տվյալ ապրանքատեսակների խոշորագույն արտահանողն է ԱՄՆ)։
Թրամփը նախկինում ասել էր, որ կհետաձգի կանադական որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման որոշումը մինչև ապրիլի 2-ը, բայց միայն այն ապրանքների համար, որոնք համապատասխանում են Կանադա-ԱՄՆ-Մեքսիկա համաձայնագրին (CUSMA), որը հավաստում է, որ ապրանքներն արտադրվում են տվյալ երկրում և չեն վերավաճառվում երրորդ երկրից: CBS-ը նշում է, որ այս ընթացակարգերը երաշխավորում են ապրանքների ներմուծումն առանց մաքսատուրքի, սակայն բավականին բարդ են։
Ավելի վաղ, երբ ԱՄՆ-ն հայտարարել էր Կանադայից ներկրման 25 % մաքսային սակագների մասին, արդեն նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոն իր հերթին հայտարարել էր 30 մլրդ դոլար արժողությամբ ապրանքների համար 25 % սակագների սահմանման մասին՝ խոստանալով մաքսատուրքերի բարձրացումը տարածել 125 մլրդ դոլարի ապրանքների վրա: Կարճ ժամանակ անց Թրյուդոն հրաժարական տվեց։
Sputnik Արմենիա