ԱՄԷ-ի պատվիրակությունը Իրանի արտգործնախարարին է հանձնել Դոնալդ Թրամփի նամակը
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը և նրան ուղեկցող էմիրաթյան պատվիրակությունը Իրանին են փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղքչիի հետ հանդիպման ժամանակ, գրում է Mehr գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարարը հայտնել էր, որ Թեհրանն առաջիկա օրերին նամակ կստանա ԱՄՆ նախագահից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 7-ին հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Իրանի հետ միջուկային համաձայնագրի շուրջ և հինգշաբթի նամակ է հղել նրա ղեկավարությանը, որում հույս է հայտնել, որ նրանք կհամաձայնեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։
«Ես ասացի՝ հուսով եմ՝ կբանակցեք, քանի որ դա շատ ավելի լավ կլինի Իրանի համար»,- ասել է Թրամփը Fox Business Network-ին տված հարցազրույցում։
«Ըստ իս՝ նրանք ցանկանում են ստանալ այս նամակը։ Մյուս այլընտրանքն այն է, որ մենք պետք է ինչ-որ բան անենք, քանի որ չենք կարող թույլ տալ, որ ևս մեկ միջուկային զենք հայտնվի»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հայտնի է, որ նամակն ուղղված է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, որում Թրամփը հայտարարել է բանակցելու ցանկության մասին։
News.am