ԵՄ-ն ԱՄՆ-ի արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերն է սահմանում
Եվրամիությունը չորեքշաբթի հայտարարել է պատասխան առևտրային միջոցների մասին՝ նոր մաքսատուրքեր սահմանելով ԱՄՆ արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների վրա՝ ի պատասխան Թրամփի վարչակազմի կողմից մի քանի ժամվա ընթացքում պողպատի և ալյումինի ամբողջ ներմուծման նկատմամբ մաքսատուրքերի՝ մինչև 25%-ով բարձրացրացման, հայտնում է Associated Press-ը:
ԵՄ միջոցառումները կտարածվեն ԱՄՆ-ից մոտ 26 միլիարդ եվրո (28 միլիարդ ԱՄՆ դոլար) արժողությամբ ապրանքների վրա, ընդ որում ոչ միայն պողպատի և ալյումինի, այլև տեքստիլ, կենցաղային տեխնիկա և գյուղատնտեսական ապրանքների վրա:
Մոտոցիկլետները, բուրբոնը, գետնանուշի կարագը և ջինսերը ևս հայտնվելու են հարվածի տակ, ինչպես Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի օրոք։
ԵՄ-ի մաքսատուրքերն ուղղված են Միացյալ Նահանգների խնդրահարույց կետերի լուծմանը՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով լրացուցիչ վնասը Եվրոպային: ԵՄ պաշտոնյաները պարզաբանել են, որ մաքսատուրքերը՝ ներմուծման հարկերը, թիրախավորում են հանրապետականների կողմից վերահսկվող նահանգներում արտադրվող ապրանքները, մասնավորապես Կանզասից և Նեբրասկայից ներմուծվող տավարի և թռչնամսի միսը և Ալաբամայից և Ջորջիայից ներմուծվող փայտանյութը:
Ոգելից խմիչքներ արտադրողները, որոնք օգտվում էին զրոյական մաքսատուրքերից ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում մինչև 2018 թվականին մաքսատուրքերի սահմանումը, ըստ էության պողպատի և ալյումինի շուրջ վեճում կողմնակի վնասի են վերածվել:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ դաշինքը «միշտ բաց է մնալու բանակցությունների համար»:
«Քանի որ Միացյալ Նահանգները 28 միլիարդ դոլարի մաքսատուրքեր է սահմանում, մենք էլ 26 միլիարդ եվրոյի հակաքայլեր ենք ձեռնարկում»,- նշել է նա։
«Մենք խորապես համոզված ենք, որ աշխարհաքաղաքական և տնտեսական անորոշություններով լի աշխարհում, մեր ընդհանուր շահերից չի բխում մեր տնտեսությունները ծանրաբեռնել մաքսատուրքերով», - ասել է ֆոն դեր Լայենը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր հարկերը կօգնեն աշխատատեղեր ստեղծել ԱՄՆ գործարաններում, մինչդեռ ֆոն դեր Լայենն այդ առնչությամբ նշել է. «Աշխատատեղերը վտանգված են: Գները կաճեն: Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Մենք խորապես ցավում ենք այս միջոցի համար։ Մաքսատուրքերը հարկեր են: Դրանք վատ են բիզնեսի և էլ ավելի վատ՝ սպառողների համար: Այս սակագները խաթարում են մատակարարման շղթաները։ Դրանք անորոշություն են մտցնում տնտեսության մեջ»:
News.am