ԵԽ պատգամավոր․ Եթե Բաքվում իրական դատավարություն լիներ, ներկա կլինեին նաև միջազգային լրատվամիջոցները

«Չի կարելի բանտարկյալներին պահել նման պայմաններում։ Նույնիսկ եթե դուք բանտարկյալ եք, ապա ունեք մարդու հիմնարար իրավունքներ և արժանապատվություն»: Այս մասին Alpha News-ին ասել է գերմանացի պատգամավոր Լուկաս Սիպերը՝ խոսելով Ադրբեջանում ապօրինի պահվող հայ բանտարկյալների մասին:

«Նման պայմաններում բանտարկյալներին պահելը հանցագործություն է մարդկության դեմ։ Եվ ինչ վերաբերում է դատավարությանը, ապա ես պարզապես կասեմ, որ եթե դա լիներ իրական դատ, ապա միայն ադրբեջանական լրատվամիջոցներին չէ, որ թույլ կտային հետևել դրան»,- ասել է ԵԽ պատգամավորը:

Խոսելով ադրբեջանական դատարանում հայ բանտարկյալների դեմ առաջադրված մեղադրանքների մասին՝ Լուկաս Սիպերը նշել է.

«Եթե նրանք իսկապես կարծում են, որ հայերը մեղավոր են ցեղասպանության մեջ, ապա գործը պետք է ուղարկվի Միջազգային քրեական դատարան։ Եվ եթե նրանք պատրաստ չեն դա անել, ապա դա ակնհայտ նշան է, որ նրանք պարզապես օգտագործում են ցեղասպանության մեղադրանքներն՝ այլ նպատակների հասնելու համար»: