Պակիստանի բանակը հայտնել է, որ ազատագրել է գնացքի պատանդառված ավելի քան 300 ուղևորներին

Պակիստանի բանակը հայտնել է, որ երեքշաբթի Բելուջիստան նահանգում գրոհայինների կողմից առևանգված մարդատար գնացքից ավելի քան 300 պատանդ է ազատել, հաղորդում է BBC News-ը:

Ըստ զինված ուժերի ներկայացուցչի՝ գործողության ընթացքում սպանվել է 33 զինյալ։ Բելուջների ազատագրման բանակի (BLA) զինյալները նախքան գործողությունը սկսելը սպանել են քսանմեկ քաղաքացիական պատանդի և չորս զինվորականի:

Զինվորականները շարունակում են որոնողական գործողությունները՝ տարածքում մնացած բոլոր սպառնալիքները չեզոքացնելու համար։

Հարձակման պահին գնացքում եղել է մոտ 440 ուղևոր, հայտնել է բանակի ներկայացուցիչը։

Անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ գրոհայիններից ոմանք, ըստ ամենայնի, լքել են գնացքը՝ իրենց հետ տանելով անհայտ թվով ուղևորների և փախել շրջակա լեռները: Զինվորականներն աշխատում են հարձակման ժամանակ մոտակա շրջաններ փախած ուղևորներին և գտնելու համար, ասել է խոսնակը: Դեռևս պարզ չէ, թե քանի ուղևոր է անհայտ կորել։ Հարձակման ժամանակ զինյալները պայթեցրել են գծի մի հատված և կրակ բացել գնացքի վրա լեռնային թունելի մոտ։

Ըստ պաշտոնյաների՝ գնացքում գտնվող առնվազն 100 մարդ անվտանգության ուժերի աշխատակիցներ էին: Ըստ տեղական լրատվամիջոցների տեղեկությունների՝ զինյալները սպառնացել են սպանել պատանդներին, եթե իշխանությունները 48 ժամվա ընթացքում ազատ չարձակեն բելուջ քաղբանտարկյալներին։

Նշվում է, որ պատանդ վերցնելուց ի վեր ավելի քան 30 ժամ է անցել։

BLA-ն ապստամբների մի շարք խմբավորումներից մեկն է, որը պահանջում է ավելի մեծ ինքնավարություն կամ անկախություն Բելուջիստանի՝ Պակիստանի ամենամեծ նահանգի համար: Նրանք Իսլամաբադին մեղադրում են նահանգի հարուստ հանքային պաշարները շահագործելու մեջ։

News.am