Իսրայելը հրթիռակոծել է Դամասկոսի Դումմար շրջանը, որտեղ նաև հայեր են ապրում

Իսրայելն այսօր հրթիռային հարված է հասցրել Դամասկոսի Դումմար շրջանում, որտեղ նաև հայ ընտանիքներ են ապրում։ Տեղեկությունը հայտնում է սիրիական «Գանձասար» պարբերականը։

«Հայտնի է, որ կան վիրավորներ և պատճառվել է նյութական վնաս»,- գրում է պարբերականը՝ չմանրամասնելով, թե արդյոք վիրավորները նաև հայերի շրջանում են, թե ոչ։

Ավելի վաղ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը կոչով դիմել էր միջազգային հանրությանը, կառավարություններին, կրոնական և մարդասիրական կազմակերպություններին, անհատներին` նրանց ուշադրություն հրավիրելով Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաների պաշտպանության վրա: Հայ հոգևորականներն ընդգծել էին` սիրիահայերը, որոնցից շատերը բնակվում են Հալեպում և Դամասկոսում, արդեն շատ բան են վերապրել:

Դիմելով միջազգային հանրությանը` Երուսաղեմի պատրիարքարանն ընդգծել էր, որ հայերը Մերձավոր Արևելքում քրիստոնեական ներկայության կենսական մասն են։

Հիշեցնենք՝ մարտի 7–10–ը Սիրիայում ալավիների ու քրիստոնյաների զանգվածային սպանություններ են իրականացվել։ Սիրիայի նոր իշխանությունների անվտանգության ուժերի և ապստամբ ալավիների (մահմեդականներ, որոնք կազմում են Սիրիայի բնակչության 10%-ը և բնակվում են երկրի արևմուտքում) բախումների ժամանակ զոհերի թիվը հասել է հազարի։ Սակայն սրանք հստակ տվյալներ չեն։ Սպանվածների թվում նաև հայեր կան։ Նրանց թվում են (հաստատված տեղեկությունների համաձայն) հայր և որդի Անտուան և Ֆատի Պութրոսները, որոնց սպանել են մարտի 7-ին Լաթաքիայի մուտքի մոտ։

Sputnik Արմենիա