Բերբոկը Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը «համարձակ զիջումներ» է որակել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը Բաքվի հետ բանակցություններում Երևանի քայլերը «համարձակ զիջումներ» է անվանել՝ մեկնաբանելով կողմերի` խաղաղության պայմանագրի տեքստի վերջնական համաձայնեցումը։
Բերբոկը X սոցցանցում գրել է, որ Գերմանիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ։
«Տասնամյակների պատերազմից հետո կայուն խաղաղությունն իրականություն է դարձել: Սա կարևոր է ոչ միայն տարածաշրջանի համար, այլև նրա սահմաններից դուրս: Երկար բանակցություններից հետո Հայաստանն իր խիզախ զիջումներով հնարավոր է դարձնում այս վերջին քայլը խաղաղության ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին: Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիր», – գրել է նա։
Ավելի վաղ պայմանագրի տեքստի համաձայնեցումը ողջունել էին Ֆրանսիան և Իրանը։
Մարտի 13–ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով մնացած երկու կետերը: Դրանք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության՝ խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։
Sputnik Արմենիա