«Ի՞նչ իրավունքով են մեր էրեխեքի հայցերը հետ կանչում»․ անհետ կորածների հարազատները դժգոհ են
Անհետ կորած անձանց հարազատները կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ ՀՀ իշխանություններից պահանջելով միջազգային ատյաններից դատական հայցերը հետ չկանչեն։
Նշենք՝ մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին 2 կետը: Դրանք վերաբերում են սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության,– խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններում հայցերից փոխադարձ հրաժարմանը։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ մարտի 14-ին խորհրդարանում հայտարարեց՝ Բաքուն և Երևանը պարտավորվել են խաղաղության համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո միջազգային իրավական ատյաններից վեճերը հետ կանչել և հետագայում չներկայացնել հայցեր այն խնդիրների վերաբերյալ, որոնք գոյություն են ունեցել մինչ համաձայանգրի ստորագրման պահը։
«Այդ հայցերն ուղղակիորեն առնչվում են մեր իրավունքներին ու մենք նման լիազորություն կառավարությանը չենք տվել։ Մեզ համար ընդունելի չէ, որ մեր թշնամիներին հաճոյանալու համար միանձնյա որոշումներ են կայացնում։ Այդ միջազգային գանգատներով Նիկոլ Փաշինյանի իրավունքները չեն որոշվում, դրանցով որոշվում են հազարավոր մարդկանց իրավունքները»,- նշեց հարազատներից մեկը, ում քեռին է անհետ կորածների շարքերում։
Անհետ կորածներից մեկի մայրն էլ նշեց՝ հայցերից հրաժարվելուց հետո, ինչպես են իրավական ձևով պահանջելու իրենց երեխաներին։
«Ինչ իրավունքով են մեր էրեխեքի հայցերը հետ վերցնում։ Մեր տղաներին ողջ և առողջ տարել են, նույն կերպ էլ պետք է վերադարձնեն։ Պարտավոր են։ Թեպետ ավելի քան 4,5 տարի է` ոտնահարվում են և՛ մեր, և՛ մեր զավակների իրավունքները, բայց այլևս թույլ չենք տալու, պետք է մեզ հետ անպայման հաշվի նստեն։ Այդ հայցերը հենց հետ կանչեն, դա կլինի մեր երեխաների վերադարձի վերջը»,- ասաց նա։
Անհետ կորածի մայրը նաև շեշտեց, որ արդեն չգիտեն` ինչ անեն, քանի որ 5 տարվա ընթացքում արել են ամեն հնարավորն ու անհնարինը, բայց ադեկվատ պատասխան կառավարությունից դեռ չեն ստացել։
Ակցիայի ընթացքում հարազատներին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը՝ փորձելով հասկանալ, թե հավաքվածներն ինչ են պահանջում։ Նա խոստացավ, որ ծնողների պահանջը կփոխանցի Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հասկանան՝ արդյոք դատական հայցերը հետ կանչելը նշանակում է իրավունքներից հրաժարում, թե ոչ։ Ի դեպ, Իսախանյանի հարազատը նույնպես անհետ կորած է։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին տված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման դեպքում պատրաստ է միջազգային ատյաններից փոխադարձության սկզբունքով հայցերը հետ կանչել։ Նա այդ օրն ընդծել էր, որ նաև քննարկվում է այդ վեճերից ընդհանրապես հրաժարվելու հարցը ու հավելել՝ եթե փոխադարձաբար վեճերից հրաժարվելու տարբերակը չլինի, ապա մենք մեր ճանապարհը փակած կլինենք հնարավոր էսկալացիան կառավարելու համար։
Sputnik Արմենիա