Սերգեյ Լագոդինսկի․ Երևան-Բաքու հարաբերությունները չեն բարելավվի, եթե չլուծվի Բաքվում հայ գերիների հարցը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի քաղբանտարկյալների վիճակը շատ տագնապալի է: Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության նախագահ, Եվրախորհրդարանի Գերմանիայից պատգամավոր Սերգեյ Լագոդինսկին։
Նշենք, որ Եվրախորհրդարանն ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ու ռազմական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալման և դատավարությունների մասին» բանաձևը։
«Մենք բանաձևում մեր մտահոգությունն ենք հայտնում։ Կարծում եմ՝ Եվրամիության շահերից է բխում հստակեցնել իրավիճակը, պնդել, որ դատական գործընթացները հրապարակային լինեն, պնդել դատական գործընթացներին ներկա լինելու հնարավորությունը, որպեսզի նիստերին ներկա լինեն մեր դեսպանը կամ մարդիկ, որոնք ԵՄ-ից են։
Մտահոգիչ է, որ օրենքի գերակայությունն ու մեղադրյալների իրավունքներն անտեսվում են։ Նրանք, անկախ կոնֆլիկտից, մարդիկ են, որոնք արժանի են պաշտպանության, որոնք արժանի են մարդասիրական պայմանների, նույնիսկ եթե նրանք գտնվում են հետաքննության տակ: Ոչ մի խոշտանգում, ոչ մի ծեծ չի կարելի թույլ տալ։ Եվ ես կարծում եմ, որ դա ինքնին հասկանալի է:
Եթե մենք չլուծենք այս հարցը որպես Եվրամիություն, չենք կարող լուծել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ «Մեր շահերից է բխում միջամտել, այնտեղ խաղաղություն և կայունություն բերել, ինչպես նաև փոխադարձ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ», — ասել է Լագոդինսկին:
Alpha News