Երասխից տեղափոխված մետաղաձուլարանն արդեն աշխատում է

Ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով Երասխից Արարատ տեղափոխված մետաղաձուլական գործարանն արդեն աշխատում է։ Այդ մասին իր Տելեգրամ–ալիքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հրապարակել այցի տեսանյութը։

Հրապարակված կադրերում երևում է, որ գործարանի պաշտոնական բացման ժապավենը կտրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նշենք, որ Պապոյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել էր կառուցվող գործարան, հետևել աշխատանքների ընթացքին։ Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է առաջին փուլով 30 մլն դոլարի (երկրորդ փուլով՝ ևս 40 մլն դոլարի) ներդրում կատարել, ստեղծվելու է շուրջ 300 նոր աշխատատեղ։

Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 14–ին ՀՀ կառավարությունը Արարատի մարզում մետաղաձուլական գործարան կառուցելու համար հողատարածք հատկացրեց շինարարության մեկնարկից 4 ամիս անց։

Ի սկզբանե Երասխում կառուցվող գործարանի շինարարության հնարավոր տեղափոխման մասին պաշտոնապես սկսեցին խոսել սեպտեմբերին, երբ Ադրբեջանը պարբերաբար կրակում էր գործարանի ուղղությամբ` թիրախավորելով նաև բանվորների կացարանը։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ էր վիրավորվել։

Գործարանի սեփականատերերն են ամերիկյան «Virtual Funding» և «CESI Global Investments» ընկերությունները («GTB Steel» ընկերության միջոցով):

Հուլիսի 14–ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին՝ զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին:

Sputnik Արմենիա