Պենտագոնի ղեկավար․ ԱՄՆ-ն կդադարեցնի Եմենի դեմ արշավն այն պահին, երբ հութիները դադարեցնեն գրոհները նավերի վրա

ԱՄՆ-ն կշարունակի հարձակվել Եմենի հութիների վրա, քանի դեռ նրանք չեն դադարեցրել նավերի վրա հարձակումները, կիրակի օրը հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

«Այն պահին, երբ հութիներն ասեն, որ դադարեցնում ենք կրակել ձեր նավերի վրա, մենք կդադարենք կրակել նրանց անօդաչու թռչող սարքերի վրա, այս արշավը կավարտվի, բայց մինչ այդ այն անողոք կլինի: Խոսքը թիրախների հրթիռակոծումը դադարեցնելու մասին է… այս կարևոր ջրային ճանապարհը պետք է վերաբացվի ազատ նավագնացության համար, ինչը Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահն է, իսկ Իրանը չափազանց երկար ժամանակ աջակցել է հութիներին: Նրանց համար նահանջելն ավելի լավ կլինի»,- ասել է Հեգսեթը Fox News-ին։

Հութիներն անցյալ շաբաթ հայտարարեցինին, որ կվերսկսեն հարձակումները Կարմիր ծովով անցնող իսրայելական նավերի վրա, եթե Իսրայելը չվերացնի Գազա մարդասիրական օգնության շրջափակումը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է երկրի զինված ուժերին սկսել «վճռական և ուժգին ռազմական գործողություններ» Եմենի հութիների դեմ՝ Իրանից պահանջելով դադարեցնել վերջիններիս աջակցությունը։

Վերջին տվյալներով, Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով զոհվածների ու վիրավորների թիվը մոտեցել է 50-ի։

Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի զրույցում։ Լավրովը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել բռնությունը։

Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «իրավունք կամ գործ չունի Իրանի արտաքին քաղաքականությունը թելադրելու համար»։

Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Իրանը որևէ դեր չի խաղում տարածաշրջանային դիմադրության խմբերի, այդ թվում՝ Եմենի «Անսար Ալլահի» քաղաքականության ուղղորդման մեջ։

News.am