Մասկի շոու՝ «Հայաստանի Դոսաաֆ»-ի շենքում. Շենքի մուտքը կապարակնքվեց

«Հայաստանի Դոսաաֆ»-ի շենքում այսօր մասկի շոու է իրականացվել: Այս մասին հայտնել էր օգտատերերից Արթուր Միքայելյանը՝ նշելով, որ շենքի բոլոր վարձակալները զրկվել են իրենց ազատ տեղաշարժի իրավունքից:

«Ապօրինությունները շարունակվում են»,- գրել էր նա։

Ավելի ուշ NEWS.am-ին հայտնի դարձավ, որ հատուկջոկատայինները մտել են շենք, որտեղ քննչական գործողություններ են իրականացվել:

Քննչական գործողությունների ավարտին իրավապահները կապարակնքել են շենքի մուտքի դուռը:

Նշենք, որ շենքի բակում հավաքված էին քաղաքացիներ, որոնք շենքում գրասենյակներ են վարձակալել, և նրանց թույլ չէր տրվում ներս մտնել:

Նրանցից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ խոսակցություններ կան, որ շենքի վրա աչք ունի այս իշխանություններին լոյալ օլիգարխներից մեկը, գուցե սա դրա հետ կապ ունի:

Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, որ այդ հասցեում քննչական գործողություններ են իրականացվում 2022 թվականին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, տեղի են ունենում հարցաքննություններ։