ՀՀ ԱԳՆ․ ՀՀ-ն ուժային սցենարի կարող է պատրաստվել միայն հնարավոր ագրեսիային դիմակայելու համար

Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին, որը վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին՝ «Հայաստանի միլիտարիզացիայի» և «ուժային սցենարի պատրաստվելու» մասին։

«Ուժային սցենար, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են»,- ասել է Բադալյանը։

Նա հիշեցրել է նաև, որ դեռ 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնել։ Հայաստանը նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել, ինչին Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։

«Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է»,- ասել է ԱԳՆ խոսնակը և ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։

Նա նաև կոչ է արել Ադրբեջանին՝ սկսել խորհրդակցություններ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու տեղի և ժամկետների մասին։

Բադալյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման և ՀՀ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Նա հիշեցրել է՝ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։

«Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո և դե յուրե ավարտ և ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի ներքո»,- ասել է Բադալյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, Բադալյանը կրկնել է նաև ՀՀ առաջին դեմքերի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը, Ադրբեջանի Սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Ըստ Բադալյանի՝ միաժամանակ, Երևանը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը, քանի որ արձանագրվում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և պարտավորվում են ապագայում ևս չներկայացնել նման պահանջներ։

Հավելում է՝ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։

Sputnik Արմենիա