ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՆԴ. ԹՈՒՐՔԱԳԵՏԸ ԲԱՑԱՏՐԵՑ` ԻՆՉՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵՑ ՍՏԱՄԲՈՒԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Էքրամ Իմամօղլուին ձերբակալելը բացասական հետք կթողնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարկանիշի վրա, որովհետև այսօր Թուրքիան գտնվում է տնտեսական վատ վիճակում։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին ձերբակալել են կոռուպցիոն գործով: Բացի նրանից, ավելի քան 100 մարդու ձերբակալման օրդեր է տրվել, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Օզգյուր Օզելը դա որակել է հեղաշրջման փորձ և կողմնակիցներին հորդորել է դուրս գալ փողոց:

«Ստամբուլի քաղաքապետը բավականին խարիզմատիկ դեմք է ներկայիս քաղաքականության մեջ և բավականին շատ հետևորդներ ու ֆավորիտներ ունի, հատկապես երիտասարդների շրջանում։ Նրա ձերբակալությամբ Էրոդողանը փորձում է հնարավորինս չեզոքացնել բոլորին, որոնք կարող են նրա համար սպառնալիք լինել հետագա ընտրություններում և կարող են խանգարել «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջընթացին»,–ասաց Աբրահամյանը։

Չնայած որ Թուրքիայում նախագահական ընտրություններին դեռ շատ կա (հերթականը նախատեսվում է 2028–ին), բայց, թուրքագետի խոսքով, Էրդողանի քաղաքականությունն այդպիսին է` շատ ավելի վաղ սկսել չեզոքացել հակառակորդներին։

Նա հիշեցրեց, որ վերջին ընտրություններում Էրդողանը մի կերպ ընտրվեց նախագահ, նաև խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքն ու արդյունքներն էլ ցույց տվեցին, որ Էրդողանը ու «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրել են իրենց վաղեմի վարկանիշը, իսկ «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» բավականին մեծ արդյունքներ է գրանցել։

«Կարելի է ասել, որ սա քաղաքական խանդ է Իմամօղլուի դեմ։Եթե հիշենք` Էրդողանը, Ստամբուլի քաղաքապետ եղած ժամանակ ձերբակալվեց և զրկվեց քաղաքականությունով զբաղվելու հնարավորությունից, չնայած հետո հետ եկավ և 25 ու ավելի տարի է` երկրի ղեկավար է։ Իմամօղլուն կարծես նույն կերպարի մեջ է, նա ձերբակալությունից առաջ իր «Ինստագրամի» էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ հագնվում և պատրաստվում էր ձերբակալության և կոչով ասել, որ սա ժողովրդի կամքի դեմ բռնություն է»,–ասաց թուրքագետը։

Նշեց` սա ևս մեկ ապացույց է, որ Իմամօղլուն Էրդողանի հստակ հակառակորդն է և բոլոր շանսերն ունի դառնալու Թուրքիայի հաջորդ ղեկավարը։

Հավելենք, որ քաղաքապետ Էքրամ Իմամօղլուի ձերբակալությունից հետո այսօր արդեն Ստամբուլում մարդաշատ ակցիաներ են սկսվել` ի պաշտպանություն Իմամօղլուի։ Աբրահամյանի դիտարկմամբ` սա կարող է Թուրքիայի ներքաղաքական կյանքը դարձնել բավական եռուն, և այս գործընթացները կարող են բերել ոչ կանխատեսելի լուծումների։

Sputnik Արմենիա