Հայկական կողմը կրակ չի բացել. ՀՀ ՊՆ հերքում է ադրբեջանական կողմի տարածած լուրը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ ՀՀ ՊՆ–ն կրկին ստիպված է եղել այն հերքելու։

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 19:00-19:10-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։ Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Հիշեցնենք նաև, որ մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։

Sputnik Արմենիա