Փաշինյանն Ալիևին առաջարկ է արել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում եմ սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Այս մասին իր սոցցանցում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։
Փաշինյանը երեկ այս թեմայով մի քանի գրառում արել էր` հայտարարելով, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը և որ ՊՆ–ին հանձնարարական է տվել հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։
Հիշեցնենք` Բաքուն մարտի 16-ից պարբերաբար հայտարարում է, թե հայկական ստորաբաժանումները կրակ են բացում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հերքում է այդ հաղորդագրությունները։
Հավելենք, որ մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Sputnik Արմենիա