Հայաստանը բացում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը՝ Սիրիա բեռներ ուղարկելու համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի շարքում ընդունել է որոշում, ըստ որի մարտի 21-ից 31-ը Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը դարձնում է գործող, որպեսզի այդ երկրի տարածքով հումանիտար բեռներ ուղարկի Սիրիա։

«Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ», - ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականության շրջանակներում նորոգել է «Մարգարա» անցակետն այն հույսով, որ Թուրքիայի հետ պայմանավորվածությունը՝ բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար, մի օր կյանքի կկոչվի։

News.am