Բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Էրդողանի հակառակորդի. Թուրքիայում ուսանողական ցույցեր են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Թուրքիայում ուսանողական ցույցեր են սկսվել։ Երիտասարդներն աջակցում են մարտի 19-ին ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ, Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին:

 

Մասնավորապես, ցույցերին մասնակցում են Ստամբուլի, Գալաթասարայի (Ստամբուլ), Բիլքենթի (Անկարա), Էգեյան (Իզմիր), Դոքուզ Էյլուլի (Իզմիր) համալսարանների և Իզմիրի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողները: Ակցիաներին միացել են նաև ուսանողներ Էսքիշեհիր քաղաքից։

Ցուցարարները վանկարկում են «Էրդողանը բռնապետ է», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք»:

Էսքիշեհիրում ոստիկանությունը փորձել է խոչընդոտել ուսանողների երթը, սակայն ապարդյուն։

Նշենք, որ Թուրքիայում իրավիճակը սրվել էր մարտի 19-ին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ կոռուպցիայի գործով ձերբակալությունից հետո։ Տրվել են ընդհանուր առմամբ 107 մարդու ձերբակալման օրդերներ, այդ թվում՝ պետծառայողների, քաղաքական ակտիվիստների, լրագրողների և գործարարների:

Իշխանությունները հայտնել են, որ Իմամօղլուն կալանքի տակ կմնա 4 օր։

Ստամբուլում լայնածավալ գործողության արդյունքում փակվել են քաղաքի կենտրոնական փողոցները, դադարեցվել են մետրոպոլիտենի որոշ կայարանների աշխատանքը։ Ամբողջ Թուրքիայում սահմանափակվել է սոցցանցերի հասանելիությունը։

Իշխանությունները մինչև մարտի 23-ը հանրահավաքների և ցույցերի անցկացման արգելք են սահմանել, սակայն, ի պաշտպանություն Իմամօղլուի, մարտի 19-ից ամբողջ Թուրքիայում ցույցեր և երթեր են անցկացվում:

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, ով գտնվում է անազատության մեջ, գրառում է կատարել իր սոցիալական ցանցերում:

«Համերաշխ լինելուն և հույսին ոչ մի արգելք չի դիմանա։ Մենք պայքարում ենք մեր երեխաների, իրավունքների, օրենքի, արդարության, պայծառ ապագայի համար», - հայտարարել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի Գլխավոր դատախազության համապատասխան հարցումից հետո Ստամբուլի համալսարանը որոշում է կայացրել չեղարկել Իմամօղլուի դիպլոմը: Այս որոշումը խոչընդոտում է երկրի նախագահի պաշտոնում նրա առաջադրմանը։

Ստամբուլի քաղաքապետն առայժմ միակ ընդդիմադիր թեկնածուն է խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փրայմերիզում և համարվում է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր հակառակորդը նրա առաջադրման դեպքում (հնարավոր է միայն նախագահի արտահերթ ընտրությունների դեպքում՝ խորհրդարանի 600 պատգամավորներից առնվազն 360-ի համաձայնությամբ):

Sputnik Արմենիա