ԲԱ ԱԼԻԵՎԻ ՊԵ՞ՏՔՆ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԸ

Ինչո՞ւ Իլհամ Ալիևը չի շտապում ստորագրել Փաշինյանի հետ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը։ Այստեղ ամեն ինչ պարզ է, ցավալիության աստիճան պարզ: Ինչո՞ւ պիտի Ալիևը շտապի, եթե հնարավորություն կա Փաշինյանից կորզել էլի որոշ զիջումներ։ Նրա տեղում մի՞թե այդպես չէր վարվի ցանկացած ոք, երբ իր հետ բանակցող անձը, թեկուզ նազուտուզով, բայց ժամանակի ընթացքում համաձայնում է բավարարել բոլոր պահանջները։

Ինչո՞ւ պիտի Ալիեվը շտապի։ Նա վստահ է, որ կարող է Փաշինյանից ստանալ էլի ինչ-որ առանձնաշնորհներ, իսկ այն օրը, երբ Ալիևը համաձայնի ստորագրել խաղաղության պայմանագիրը, Փաշինյանն ուրախությամբ կնետվի նրա գիրկը։

Ալիևի պարագայում ամեն ինչ պարզ է։ Իսկ ինչո՞ւ է Փաշինյանն այդչափ շտապում ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հանուն խաղաղությա՞ն։ Չէ մի չէ՛։ Իշխանություններն իրենք են պարծենում, որ Հայաստանի հյուսիսում՝ Տավուշում տարածքները հանձնելուց հետո սահմանին հանգիստ է։ Դե, եթե հանգիստ է, շատ լավ, ուրեմն ինչո՞ւ է հանուն թղթի կտորի ստորագրման Փաշինյանը շարունակում Հայաստանի շահերի հետագա զիջումները։

Իրականում պատճառն այն չէ, թե առանց թղթի Փաշինյանը վախենում է, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները։ Ալիևի ինչի՞ն է պետք նոր պատերազմը, երբ առանց այդ էլ ամեն ինչ մատուցում են կապույտ երիզով սկուտեղին դրած։ Հայաստանի դեմ Ադրբեջանի նոր ագրեսիան կլինի ակնհայտ արկածախնդրություն՝ անկանխատեսելի հետևանքներով, և դժվար թե տարածաշրջանային դերակատարներից որևէ մեկը շահագրգռված լինի այդ անկանխատեսելիությամբ:

Փաշինյանը շտապում է Ալիևի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր կոչեցյալ թղթի կտորը և հանուն դրա պատրաստ է զիջումների գնալ, քանզի հասկանում է. իր ժամանակը սպառվել է։ Քանի մանկապարտեզ էլ նորոգի, Փաշինյանի ժամանակն ավարտված է։ Թե կհեռանա արդյոք արտահերթ ընտրությունների արդյունքում, փողոցային բողոքի ակցիաների հետևանքով, թե հերթական ընտրությունների հետևանքով՝ այլ հարց է։ Կարևոր, բայց այլ:

Բայց այն, որ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում նա պետք է հեռանա, կարծում ենք, Փաշինյանն ինքն էլ է հասկանում, և հենց հեռանալու անխուսափելիության ըմբռնման հետ է կապված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտափույթ կնքելու Փաշինյանի ձգտումը, ինչի համար նա պատրաստ է շարունակ զիջել Իլհամ Ալիևի պահանջներին։

Փաշինյանը հասկանում է, որ իշխանական Օլիմպոսը լքելուց հետո կգա ժամանակ, երբ իրեն ու իր թիմին պատասխանատվության կենթարկեն Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման շրջանում Հայաստանի բոլոր դժբախտությունների համար: Այստեղից էլ Փաշինյանի ու ամբողջ ընտանիքի գոյաբանական խնդիրը. հեռանալուց առաջ ամեն կերպ դժվարացնել պատասխանատվության ենթարկելու գործընթացը։ Հենք ստեղծել, որպեսզի Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագրի» մյուս կարկառուն ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկելու համար հնարավորինս քիչ հիմքեր լինեն։ Ամեն գնով բարդացնել այդ գործընթացը:

Դրա համար է նրան այդքան անհրաժեշտ Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը։ Պայմանագիր, որը ոչ միայն կամրագրի Հայաստանի համաձայնությունն Արցախի բռնազավթմանը, այլև կդժվարացնի Փաշինյանին պատասխանատվության ենթարկելը։ Ավելին, պայմանագիր, ըստ որի՝ տարածքների հանձնման, Արցախի էթնիկ զտման, հազարավոր մարդկանց մահվան համար Փաշինյանին մեղադրելը կարող է հավասարեցվել... ռևանշիզմի։

Ալիևն ամեն ինչ շատ լավ հասկանում է և չի շտապում ստորագրել։ Բա նրա պե՞տքն են Փաշինյանի տվայտանքները։