Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են ավելացնել ագրոարտադրանքի մատակարարումները

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պատրաստակամություն են հայտնել ավելացնել ագրոարտադրանքի համատեղ առևտրի ծավալները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև սերտ համագործակցություն է հաստատվել գյուղատնտեսության ոլորտում, կայուն զարգանում է ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը. նախորդ տարի այն աճել է 9%- ով:

Ռուսաստանն ու Հայաստանը դիտարկում են նաև անասնաբուժական պատվաստանյութերի արտադրության ուղղությամբ համագործակցությունը։

Ներկայում երկու երկրների գիտական ինստիտուտները համատեղ քայլեր են ձեռնարկում կարտոֆիլի սելեկցիայի ոլորտում։ Բացի այդ, ակտիվացել է համագործակցությունը գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հետազոտությունների բնագավառում։

Քննարկվել են նաև կենսաբանական անվտանգության, գիտության և ագրարային կրթության ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Sputnik Արմենիա