Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետարանի մոտ ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել

Թուրքական ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել, երբ ցուցարարները բողոքի ցույց են անցկացրել Ստամբուլի քաղաքապետարանի մոտ՝ ընդդեմ քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության, դեպքի վայրից հայտնել են Ֆրանսպրես գործակալության թղթակիցները։

Ըստ թղթակիցներից մեկի, որը տեսել է զենքերը, լսել է կրակոցները և զգացել է ռետինի յուրահատուկ հոտը, դեպքը տեղի է ունեցել հանրահավաքի հենց սկզբում, երբ մի քանի ոստիկան կրակել են ռետինե փամփուշտներով։

Դեպքի վայրում գտնվող երկրորդ լրագրողը հայտնել է, որ ոստիկանությունը կիրառել է ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ:

Ստամբուլի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի հայտնել է, որ ձերբակալել է քաղաքի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կոռուպցիայի, կաշառակերության և կաշառակերության մեջ ներգրավված կազմակերպության գործով։ Ինքը՝ քաղաքական գործիչը, հայտարարել է, որ իշխանությունների ճնշման տակ «մտադիր չէ զիջելու»։ Ստամբուլի մի շարք կենտրոնական փողոցներում, ներառյալ՝ ոստիկանության գլխավոր վարչության դիմաց, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խափանումներ են եղել սոցիալական ցանցերում։ Այս ֆոնին դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ աճել է ավելի քան 10 տոկոսով՝ առաջին անգամ բարձրանալով 41 լիրայից։ Ստամբուլի BIST 100 ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը բացման ժամանակ Իմամօղլուի կալանավորման մասին լուրերի ֆոնիննվազել է 6,87%-ով։

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն ավելի վաղ կոչ էր արել Իմամօղլուի ձերբակալությունից հետո փողոցային բողոքի ցույցեր չանցկացնել։ Ըստ նրա՝ գործընթացը բնավ առնչություն չունի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

News.am