Եվրոպական խոշոր երկրները չեն աջակցել Ուկրաինային հատկացվող 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնության ծրագրին

ԵՄ առաջնորդները, բացառությամբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, հայտարարել են, որ պատրաստ են մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա հետագա պատժամիջոցներով, քանի որ բարձր մակարդակի բանակցությունները բացահայտել են եվրոպական վերազինման հարցում աշխարհագրական պառակտումը, գրում է The Guardian-ը:

Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ դաշինքը համաձայնել է, որ պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և ուժեղացնել գոյություն ունեցող միջոցները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո, որը նրանց միացել է տեսակապի միջոցով:

Միասնության ցուցադրումը խաթարվել է նրանով, որ Օրբանը հրաժարվել է աջակցել Ուկրաինային ԵՄ-ի աջակցության համաձայնագրի տեքստին:

«Եվրախորհուրդը Ռուսաստանին կոչ է անում պատերազմը դադարեցնելու իրական քաղաքական կամք դրսևորել»,- ասված է համաձայնագրի տեքստում։

Հունգարիայի վարչապետը երկու շաբաթ առաջ ևս հրաժարվել է աջակցել ԵՄ դիրքորոշմանը:

Օրբանի աճող վստահությունը, որ նա դեմ է գնալու Ուկրաինայի հարցում ԵՄ-ի դիրքորոշմանը, կասկածի տակ է դնում դաշինքի՝ նոր պատժամիջոցներ կիրառելու և գոյություն ունեցողները երկարաձգելու կարողությունը, թեև դիվանագետները մխիթարվում են նրանով, որ Հունգարիան, ի վերջո, միշտ միացել է ծրագրերին, շեշտում են լրատվամիջոցները։

Չնայած Ուկրաինայի պաշտպանությանը օգնելու համար «ջանքերը հրատապ կերպով ուժգնացնելու» ԵՄ-ի համաձայնությանը, Եվրամիության 40 միլիարդ եվրոյի ռազմական օգնության ծրագիրը ձախողվել է, երբ չի կարողացել ապահովել խոշոր անդամ երկրների, դրանց թվում՝ Ֆրանսիայի, Իսպանիայի և Իտալիայի աջակցությունը:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Քայա Կալլասը, որը գլխավորում էր նախաձեռնությունը, այժմ անդամ երկրներին կոչ է անում 5 միլիարդ եվրո արժողությամբ 2 միլիոն արկ տրամադրել, ինչը նվազեցնում է իր սկզբնական պլանը, ըստ որի՝ յուրաքանչյուր երկիր պետք է ռազմական օգնություն տրամադրեր՝ ելնելով իր տնտեսության չափից:

Միաժամանակ Կալլասը խոստովանել է, որ ծրագիրը համընդհանուր աջակցության չի արժանացել:

«Յուրաքանչյուր երկրի համար ներքին քաղաքականությունը կարևոր է, ինչպես նաև հանրային ըմբռնումը, թե ինչ է պետք անել, և դա տարբեր է յուրաքանչյուր անդամ երկրում»,-ասել է նա:

News.am