ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող ոչ ստույգ տեղեկություններ տարածելուց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին: Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանական գերատեսչությունը՝ անդրադառնալով վերջին օրերին սոցցանցերում տարածված տեղեկություններին։

«Հրադադարի ինտենսիվ, էական խախտման դեպքում ՀՀ պաշտպանության նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո»,- շեշտվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ այսօր առավոտյան «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրառում էր արել՝ նշելով, թե ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, թե վերջին 10-15 օրերին Երասխի ուղղությամբ ադրբեջանական կողմից պարբերաբար կրակոցներ են հնչում։

Sputnik Արմենիա