Անհետ կորածների և աճյունների հարցով հանձնաժողովների հանդիպումից ԱԱԾ պետը մանրամասներ նշեց

Ադրբեջանական կողմի հետ կորածների և աճյունների հարցով տեղի է ունեցել հանձնաժողովների հանդիպում, որի ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել։ Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արմեն Աբազյանը։

«Դուք գիտեք` ինչ հարցերի մասին է քննարկվել, մանրամասները չեմ բացահայտի հիմա։ Քննարկում է տեղի ունեցել, պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն։ Դրա հետ կապված հանդիպում եմ ունեցել նաև ծնողների հետ, նրանք տեղեկացվել են այդ հանդիպման արդյունքների և շարունակական աշխատանքի մասին»,– նշեց ԱԱԾ պետը` ավելացնելով, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 7–ին։

Նա ասաց, որ աճյունների տեղափոխման նոր ժամկետների մասին ոչինչ դեռ չի կարող նշել։

«Ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա, և դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որոնք հուզում են մեր անհետ կորածների, գերեվարվածների ծնողներին, այդ հարցերի ամբողջական պատասխանը ստանանք»,– ընդգծեց նա։

Անդրադառանալով Բաքվում պահվող հայ գերիների հարցին` Աբազյանը վստահեցրեց, որ հայկական կողմն ամեն ինչ անելու է, որպեսզի գերիների վերադարձի հետ կապված անպայման հաջողություն ունենանք։

«Հուսով եմ։ Կոնկրետ այսօր դեռ հաջողություն չունենք»,– ավելացրեց ԱԱԾ պետը։

Sputnik Արմենիա