Ուիթքոֆ. Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մարտի 21-ին ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնի հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։
Կառլսոնն ասել է, որ Մոսկվան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «չընտրված» է համարում, հետևաբար «չի կարող որևէ համաձայնագիր ստորագրել»։
«Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններ կլինե՞ն Ուկրաինայում»:
«Այո։ Կլինեն: Նրանք համաձայնեցին դրան։ Ուկրաինայում ընտրություններ կլինեն»,- պատասխանել է Ուիթքոֆը։
Ուիթքոֆը նաև նշել է, որ լիովին վստահ է, որ Ռուսաստանը չի հարձակվի Եվրոպայի վրա։
Դեռ այս տարվա փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Ուկրաինայում եկել է ընտրություններ անցկացնելու ժամանակը։
Նա նաև խոսել է այն մասին, թե ինչպես է Վլադիմիր Զելենսկու վարկանիշն իջել մինչև 4 տոկոս, և Ուկրաինան պետք է ընտրություններ անցկացնի, եթե Կիևը ցանկանում է տեղ ունենալ կարգավորման սեղանի շուրջ։ Ի պատասխան՝ Զելենսկին ասել է, որ Թրամփը ռուսական ապատեղեկատվության զոհ է դարձել։ Դրանից հետո Թրամփը Զելենսկուն բռնապետ է անվանել ընտրություններից հրաժարվելու համար՝ կրկին մատնանշելով նրա չափազանց ցածր վարկանիշը։
News.am