Անկարայի քաղաքապետը կոչ է արել Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել
Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչ է արել, գրում է Cumhuriyet-ը։
Այս մասին նա հայտարարել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության նախնական ընտրությունների քվեարկության ավարտից հետո։
«Եթե այս իրադարձություններն այսօր չլինեին, գուցե այդքան մեծ մասնակցություն չլիներ։ Ուստի, երբ դուք ինչ-որ անօրինական բան եք անում, արձագանքը հսկայական է լինում»,- հայտարարել է Յավաշը:
Նրա կարծիքով՝ քվեարկության էր եկել մոտ 20 միլիոն մարդ։
Ավելի վաղ Թուրքիայի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով կալանավորել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին։ Նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Իմամօղլուն համարվում էր Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը 2028 թվականին կայանալիք ընտրություններում։
Ավելի ուշ Իմամօղլուն սոցցանցերում գրառում է կատարել՝ կոչ անելով թուրքերին պայքարել և մասնակցել ընտրություններին։
News.am