ԳԺԻ ՏԵՂ ԿԴՆԻ ԻՐԵՆ ՈՒ ԿՍՏՈՐԱԳՐԻ…
Այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագրի 17 կետերի համաձայնեցման առթիվ խոճկորի հրճվանքը հասել է գագաթնակետին. ռեժիմին ծառայող քարոզչամեքենան պնդում է, թե իբր՝ Փաշինյանին հաջողվեց այն, ինչը չի հաջողվել իր նախորդներին 30 տարի շարունակ։ Փաշինյանից առաջ բանակցությունների պատասխանատուներից ոչ մեկը կապիտուլյանտ չի եղել, ուստի չի շտապել բավարարել Ադրբեջանի պայմանները։ Հիշյալ համաձայնագրի տեքստի բացառիկությունն ամփոփված է միայն Ալիևի և Փաշինյանի շահերի համընկնման մեջ։
Նրանք, ովքեր ծանոթ են բանակցային գործընթացի պատմությանը 1999 թվականից ի վեր, երբ ընդամենը 12 ամսվա ընթացքում 6 ռաունդ տեղի ունեցավ Մոսկվայում, Ժնևում, Վաշինգտոնում, կրկին Ժնևում, ապա Յալթայում ու Ագարակում, հասկանում են ներկայիս «համաձայնեցման» իրական արժեքը՝ ի վնաս հայկական շահերի։ 2000-ին բանակցությունները շարունակվեցին Մոսկվայում, Դավոսում, Նյու Յորքում, Մինսկում և այլուր: Ինչ վերաբերում է պայմանավորվածություններին, ապա մեկը ձեռք բերվեց այն տեքստի շուրջ, որը նախատեսվում էր ստորագրել Փարիզում, որտեղ 2001-ի սկզբին նկատվեց դիրքորոշումների մերձեցում: Վերջին պահին ադրբեջանական կողմը հայտարարեց, որ իրեն ինչ-որ բան չի գոհացնում և հրաժարվեց ստորագրել։ Քի-Վեսթի բանակցություններում կողմերը համաձայնության եկան կարգավորման մոդելի շուրջ և նույնիսկ քննարկեցին Հայաստան-Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան-Նախիջևան կայուն հաղորդակցության ապահովման հարցերը: Ապա հաջորդեց Պրահայի գործընթացը (2005թ.), հետո բանակցությունները Ռամբույեում, Բուխարեստում և այլն:
Կազանի գործընթացը նշանավորվեց Ալիևի ժամանումով այդ քաղաք, որտեղ նա վերջին պահին պահանջեց լրացուցիչ կետեր մտցնել տեքստում։ Երկրորդ և երրորդ նախագահների օրոք Հայաստանը բանակցություններում ելնում էր նրանից, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի ենթակայության տակ, պետք է ցամաքային կապ ունենա Հայաստանի հետ, ԼՂ ժողովրդի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի։ ՀՀ այս դիրքորոշումն ըմբռնումով էին ընկալում Մինսկի խմբի համանախագահները։ Ի՞նչ համեմատություն կարող է լինել Նիկոլի ու իր նախորդների միջև։ 17 կետերի համաձայնեցումը «դիվանագիտական հաջողություն» կարող են անվանել միայն ռեժիմի խոսափողները՝ Գնել Սարգսյանի կարգի…
Ադրբեջանական դիրքերի գնդակոծման մեջ հայկական կողմին ուղղված շարունակական կեղծ մեղադրանքների խորապատկերին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց համաձայնագրի ստորագրման վայրն ու ամսաթիվը համաձայնեցնելու անհրաժեշտության մասին: Այդ առնչությամբ ընդդիմության ճամբարում սկսեցին կատակել, որ Փաշինյանը կարող է ստորագրել փաստաթուղթը միակողմանի կարգով։ Այստեղ կատակը լոկ մի մասնիկ է. իշխող վերնաշերտի պարագլխից սպասելի է ցանկացած անակնկալ։ Նրան ի՞նչ կա. գժի տեղ կդնի իրեն՝ սովորության համաձայն, ու կստորագրի։
Տեսնելով, որ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչի՝ հանուն իր ստորագրությյամբ փաստաթղթի, որով գնալու է ընտրությունների, պնդելով, թե տևական խաղաղություն է բերել ժողովրդին, Ալիևը չի շտապում՝ փորձելով կորզել առավելագույնը։ Քարոզչամեքենան ճղավում է, թե «միջանցքի» թեման փակված է՝ հղում անելով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե բոլոր կոմունիկացիաները ենթակա են վերահսկողության այն երկրների կողմից, որոնց տարածքում գտնվում են։ Դե, և ինչ. Փաշինյանն էլ ժամանակին հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Ռեժիմի 7-ամյա պաշտոնավարումը ցույց է տվել, որ առաջին դեմքերի հայտարարություններին հավատալ չի կարելի, հատկապես այն բանից հետո, երբ հայ հասարակությունն վերապրեց Ալիևի հետ «բանավոր պայմանավորվածությունների» փուլը (Փաշինյանի բնորոշումը)..
Այսօր Թուրքիան եվ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց իրական ծրագրերը, այն է՝ ստանալ արտատարածքային միջանցք և ՀՀ տարածքում բնակեցնել 350 հազար ադրբեջանցիների, որպեսզի հետագայում «Արևմտյան Ադրբեջանի» հարց բարձրացնեն համադաշնության կամ ինքնավարության համատեքստում։ Այսպիսին է հայկական պետականության փուլային վերացման հակիրճ ծրագիրը։ Ընդ որում ոչ մի կասկած չկա, որ այդ ծրագիրը համընկնում է Փաշինյանի շահերի հետ. եթե չլինի Հայաստանի Հանրապետություն պետություն, չի լինի նաև այդ պետության անունից դատավճիռ՝ իր շահերին դավաճանելու համար:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն օրերս հնչեցրեց մի վարկած, ըստ որի՝ «Ալիևը հասկանում է, որ Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել, ուստի մեծացնում է ճնշումը, իսկ Փաշինյանը նույնն է անում երկրի ներսում»: Փորձագետի կարծիքով, այդ ըմբռնման հետ են կապված խաղաղության համաձայնագրի տեքստի ստորագրման վերաբերյալ Ալիևի պայմանները. ՀՀ Սահմանադրությունից հանել այսպես կոչված տարածքային պահանջները և լուծարել Մինսկի խումբը, որի փաստաթղթերում Հայաստանը չի որակվում ագրեսոր:
Վրթանեսյանի համոզմասբ՝ Ալիևը հիմք է ստեղծում ապագայի համար, հասկանալով, որ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, փոխարինելու կգա ազգային մտածողությամբ առաջնորդ:
Նրանց գնահատականներով, ովքեր ծանոթ են բանակցային գործընթացի պատմությանը, Ալիևի հետ համաձայնագրի ստորագրման վայրի և ամսաթվի մասին դատողությունները պարզապես դատարկախոսություն են։ Ռեժիմի վերնաշերտը, պարզ ասած, տխմարություններ է դուրս տալիս՝ հորջորջելով այդ զբաղմունքը քաղաքական գործունեություն հանուն «իրական Հայաստանի»։ Նույն այդ ժամանակ Ալիևը հարաբերություններ է կարգավորում Իսրայելի հետ, ջանալով նվաճել Թրամփի աշխատակազմի վստահությունը, փորձելով հանդես գալ որպես գլխավոր դերակատարներից մեկը Թեհրանի հետ Վաշինգտոնի բարդ հարաբերությունների համատեքստում։
Ինչ վերաբերում է հեռանկարներին, ապա անհնար է չտեսնել, որ Փաշինյանի ռեժիմը քաղաքականապես մաշվել է և բարոյապես հնացել։ Զանգվածներն ատում են իշխող վերնաշերտի պարագլխին և նրա քաղաքական ծառայանուն։ Իշխանության անգործունակությունը դրսևորվում է բոլոր մակարդակներում, ժողովրդի համբերության բաժակը լցվել է, բայց իրավիճակից ելք ոչ ոք չի տեսնում։ Ընդհակառակը, Փաշինյանին հրաժարական պարտադրելու բոլոր փորձերի վերջում հստակ փակուղի է հասունանում։ Կապիտուլյանտը հասկանում է, որ հրաժարականն իր պարագայում ազգային շահերին դավաճանելու համար ցմահ ազատազրկման հոմանիշն է, ուստի պատրաստ է ամեն ինչի՝ իշխանությունն իր ձեռքում պահելու համար…
Քաղաքագետները կանխատեսում են նրա հրաժարականի հարցի աշխարհաքաղաքական լուծում, Փաշինյանը չունի ազդեցիկ հովանավորներ, եթե չհաշվենք եվրոպական առաջնորդներին, որոնք այսօր գլխովին կլանված են սեփական խնդիրներով։ Այն, որ Փաշինյանը նետվելու է Պուտինի գիրկը, մենք կանխատեսել էինք Ուկրաինայի հարցով ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների ուղիղ բանակցությունների մեկնարկից և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշումից դեռ շատ առաջ։ Չի կարելի, սակայն, հաշվից դուրս թողնել այն փաստը, որ Փաշինյանն իր թերի լեգիտիմությամբ ձեռնտու է ոչ միայն Ալիևին ու Էրդողանին, այլև Պուտինին, որը ժամանակին գործ է ունեցել երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ…
Առայժմ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները մարտի 30-ին Փարաքարում և Գյումրիում կայանալիք ընտրություններից հետո, չարժե մոռանալ, որ առջևում Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է: Ի՞նչ ուղեբեռով է իշխող ռեժիմը մոտենալու այդ ամսաթվին։
Ի դեպ, կանխատեսում կա, որ խաղաղության համաձայնագիրը Ալիևը կստորագրի ապրիլի 24-ին մոտ, որպեսզի ընդգծի փաստաթղթի իրական իմաստը, որը ոչ թե խաղաղության, այլ հայ ժողովրդին պետականությունից զրկելու նպատակով պատերազմի շարունակման մասին է։ Ալիևը կասկած չունի, որ Փաշինյանը պատրաստակամորեն կհամաձայնի նաև այդ նվաստացմանը...