ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ «ԱԼԻԵՎՅԱՆ ՎԵՏՈՆ» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Գործող իշխանությունը Հայաստանին թողել է միայն «բացասական ինքնիշխանություն»

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Եվ մինչ անգամ Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, խոստովանում են՝ անգամ Ադրբեջանն է զարմացել, որ հայկական կողմն ընդունել է «խաղաղության պայմանագրի» շրջանակներում նրան առաջարկված նախապայմանները, մենք կվերլուծենք, թե ի՞նչ այլ արտաքին քաղաքական նախաձեռնություններով է վերջին օրերին առանձնացել հայկական կողմը:

Կարելի է առանձնացնել երկու նմանատիպ նախաձեռնություն՝ ՀՀ-ի՝ Եվրոպական միություն անդամակցելու գործընթացի սկզբի մասին օրենքի նախագծի (որը հաջողել է անցնել արդեն առաջին ընթերցումը) Ազգային ժողովի նիստերի օրակարգում ընդգրկումը,ինչպես նաև հայ-թուրքական սահմանին Մարգարայի սահմանային անցակետի ժամանակավոր բացումը:

Կապված սահմանային անցակետի բացման հետ՝ բավականին ուշագրավ գնահատական է տվել Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի İMZA հասարակական զարգացման աջակցման միության ներկայացուցիչ Հուլուսի Քըլըչը, ով ընդգծել է՝ Թուրքիան ոչ մի քայլ չի անի, որը կհակասի Ադրբեջանի շահերին: Նա նաև հավաստիացրել է, որ թուրքական իշխանությունները սերտորեն համակարգում են և քննարկում Ադրբեջանի կողմի հետ՝ Երևանին վերաբերող բոլոր քայլերը: Այլ կերպ ասած, թեև Փաշինյանը հասավ բազում վերնագրերի հրապարակմանը, որոնցում խոսվում էր «Հայ-թուրքական սահմանային անցակետի բացման մասին», սակայն սա որևէ կերպ գլոբալ ազդեցություն չունեցավ Թուրքիայի կողմից իրավիճակի ընկալման վրա:

Ինչ վերաբերում է ԵՄ-ին վերաբերվող օրենքին, ապա պետք է ասել, որ թեև առաջին հայացքից կարող է թվալ՝ չափազանց մեծ է հավանականությունը, որ Փաշինյանի խմբակցությունը կրկին կքվեարկի այս նախագծի օգտին, սակայն որևէ երաշխիք չկա, որ Նիկոլ Փաշինյանը կավարտի գործընթացը: Բայց ոչ այն պատճառով, որ այստեղ ևս բավարար հմտություններ չունեն (որոնք իրապես չունեն): Տվյալ դեպքում հարցն այլ կարգի է՝ քաղաքական է:

Եկեք մեկ վայրկյան պատկերացնենք, որ օրենքը կընդունվի, առավելևս, որ դրանից հետո կսկսվի օրենքի դրույթների իրականացմանն ուղղված բովանդակային գործընթաց

-կառավարությունում կկատարվեն կառուցվածքային փոփոխություններ, կստեղծվի եվրաինտեգրման փոխվարչապետի պաշտոնը, կնշանակվի ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի հանրաքվեի ամսաթիվը և այլն: Բայց Փաշինյանն ու իր խմբակցությունը վստա՞հ են, որ կարող են «հաղթահարել Ալիևի վետոն»:

Եվրադիտորդների առաքելության օրինակով մենք տեսնում ենք, որ Փաշինյանը գնաց Բաքվի պահանջների իրականացման ճանապարհով և պատրաստ է հետ կանչել նրանց հայ-ադրբեջանական սահմանից, չնայած մինչ այս դիտորդները ներկայացվում էին որպես «անվտանգության համակարգի հիմքեր»: Կա՞ գործողությունների պլան Նիկոլ Փաշինյանի և իր թիմի համար այն դեպքում, եթե Բաքուն հստակ Փաշինյանին հայտարարի, որ դեմ է Հայաստանի անդամակցությանը Մ-ին: Կարո՞ղ է Փաշինյանը «հաղթահարել այդ վետոն»:

Կրկին հարկավոր է արձանագրել, որ Փաշինյանի այսօրվա Հայաստանի ինքնիշխանությունը բացառապես բացասական բնույթ ունի: Երևանը դեռ կարող է ինչ-որ բան ձախողել (օրինակ՝ ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման նախաձեռնությունը), բայց դրական ինքնիշխանություն չկա: Փաշինյանի Հայաստանը չի կարող ավարտին հասցնել որևէ քաղաքական նախագիծ, քանի որ Հայաստանի իշխանությունների որոշումների վրա ազդող գործոնների (առաջին հերթին՝ Հայաստանից դուրս գտնվող գործոնների) թիվն ավելացել է այնքան, որ ցանկացած գործընթաց կարող է կանգնեցվել սահմանին լարվածության սրացումներով կամ մամուլում հայտարարություններով:

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Alpha News