«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՏԵՂՅԱԿ ԷԻՆ». Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՐՑԱԽՈՒՄ 2023-Ի ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

«Ինձ ուղղակի զարմացնում է, թե ինչ վստահությամբ են ոմանք. լինեն ակտիվիստներ, թե իշխանության ներկայացուցիչներ, խոսում այն մասին, թե ինչ էր կատարվում այն ժամանակ։ Տպավորություն է ստեղծվում, թե իրենք այդ ժամանակ այնտեղ են եղել, ընդհուպ մինչև Եվլախում հանդիպումը, միայն թե հակառակ կողմից։ Այս մասին պետք է խոսել, որպեսզի հասարակությունն իմանա ճշմարտությունը»,- Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարեց 2023թ. սեպտեմբերին Եվլախում ադրբեջանցիների հետ բանակցություններում ԼՂՀ երկու ներկայացուցիչներից մեկը՝ Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։ Հիշեցնեմ, որ այն ժամանակ տեղի է ունեցել ընդանուր առմամբ 3 այդպիսի հանդիպում, վերջինը՝ սեպտեմբերի 29-ին։

Այն մասին, թե ինչ էր կատարվում հայկական երկու մայրաքաղաքների իշխանական աշխատասենյակներում հայ ժողովրդի համար սև դարձած սեպտեմբերի այն սարսափելի օրերին, մինչ օրս քիչ բան է հայտնի։ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, մեծ հաշվով, դեռևս լռում են։ Նրանց ինչ-որ չափով հասկանալ կարելի է՝ հաշվի առնելով հարցի ցավոտ ու նուրբ բնույթը, հսկայական պատասխանատվությունը, որ ընկավ նրանց ուսերին, և, իհարկե, այն բարդ իրավիճակը, որում այսօր փաշինյանական իշխանության ջանքերով հայտնվել են արցախցիները Հայաստանում։

Ինչպեսև, անշուշտ, այն հանգամանքը, որ այն օրերին որոշումներ կայացնող մեր մի շարք հայրենակիցներ ապօրինի պահվում են Բաքվում՝ որպես պատանդներ, և նրանց ազատ արձակումն առաջնային խնդիր է աշխարհասփյուռ հայության համար:

Այդուհանդերձ ճշմարտությունը պետք է վաղ թե ուշ հնչի, առաջին հերթին՝ իրադարձությունների անմիջական մասնակիցների կողմից։ Եվ ոչ միայն պատմության, այլև այսօրվա իրողությունների տեսանկյունից։ Հենց առաջին ձեռքից տեղեկատվության բացակայությունն է արձակում լկտի լեզուների կապերը՝ թույլ տալով ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներին հանդես գալ ցինիկ և ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայ ժողովրդի համար վիրավորական հայտարարություններով։

Այդ թվում՝ Եվլախի բանակցությունների հարցով. իբր՝ այնտեղ ինչ-որ փաստաթղթեր են ստորագրվել, ինչպես նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականի վերաբերյալ, ինչն, իբր, պարտադրված է եղել, հեղաշրջում է տեղի ունեցել, իսկ նոր նախագահի ընտրությունը զայրացրել է Բաքվին և ռազմական ագրեսիայի առիթ դարձել։

Ընդհանուր առմամբ, այս և իշխանամետ շրջանակների կողմից գեներացվող մյուս փչոցերն ուղղված են Փաշինյանի և նրա համախոհների գլխավոր նպատակին. իրենց վրայից գցել սեփական մեծ մեղքը Գաղթի համար՝ ողջ պատասխանատվությունը բարդելով Արցախի ղեկավարության վրա։ Մինչդեռ արդեն ի հայտ են գալիս առանձին քաղաքական գործիչների վկայություններ ու հայտարարություններ, որոնք հաստատում են, որ ՀՀ իշխանությունները ոչ միայն լիովին տեղյակ են եղել կատարվող ամենի մասին, այլև կրում են հայկական Արցախի ամայացման, հանձնման և բռնազավթման մեղքի հիմնական բաժինը։

Հունվարի 21-ին այդ իրադարձությունները քողազերծեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա արձանագրեց մի քանի կարևոր փաստեր։

Նախ, որ Արայիկ Հարությունյանին ոչ ոք չի ստիպել հեռանալ, նախկին նախագահն ինքն է հայտարարել, որ իր համար անիմաստ է մնալ պաշտոնում, քանի որ ոչ մի լուծում չի տեսնում: Երկրորդ՝ հանրապետությունում տիրող իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվել է Նիկոլին։ «Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ: Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ»,- հայտարարեց Սաղաթելյանը։

Իշխանությունների կողմից ոչ մի արձագանք, առավելևս հերքում չհաջորդեց։

Երեկ՝ մարտի 24-ին, գրեթե նույն բանը հայտնեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Արայիկ Հարությունյանն ասել է՝ եթե ես մնում եմ, Արցախը կորցնելու են, որևէ շանս չկա։ Որոշում է կայացվել, Արայիկ Հարությունյանն էլ այդ որոշման ջատագովն է եղել, որ Արցախի նախագահ ընտրվի Սամվել Շահրամանյանը, որը փորձել է անել ամեն ինչ, որ լուծի Արցախի ու նրա բնակչության հարցերը»,- ասաց նա։

Վանեցյանը հաղորդեց նաև, որ ներխուժումից անմիջապես հետո ադրբեջանցիները Շահրամանյանին փաստաթուղթ են փոխանցել, որում ասվում էր, որ «նոր իրողությունների պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, հիմա որոշում պետք է ընդունել, որ այլևս չկա այդ պետությունը»։ Այդ թուղթը, նրա հավաստմամբ, ուղարկվել է Նիկոլին, որը «որևէ արձագանք չի տվել, ասել է՝ ինչ ուզում եք, արեք»։

Հիմա հակիրճ և ըստ բուն էության անդրադառնանք Դավիթ Մելքումյանի պատմածին։

Արայիկ Հարությունյանը միակ մարդն էր, որ կապ էր պահպանում ՀՀ իշխանությունների հետ և Փաշինյանի հետ համաձայնեցնում իր բոլոր քայլերը։ Նրա պաշտոնական էջում հրապարակված է նախկին նախագահի վերջին հայտարարությունն այն մասին, որ ելք չկա, և Արցախն այդպես երկար չի ձգի։ Եվլախում գաղտնի բանակցություններ չեն եղել և ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել. պատվիրակությունը դրա լիազորությունը չուներ։ Հիմնական հարցերը, որ քննարկել են Արցախի ներկայացուցիչները, եղել են սոցիալական, հումանիտար և անվտանգային: Հայկական կողմի կարևոր ձեռքբերումն այն էր, որ ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվող մարդիկ կարողացան անվտանգ դուրս գալ։

Այսպիսով, կան բանիմաց քաղաքական գործիչների առնվազն երեք վկայություններ, որոնք ցրում են Հարությունյանի հրաժարականի հանգամանքների ու Եվլախում հանդիպումների մասին միտումնավոր տիրաժավորվող սուտը: Եվ հաստատումը. 120 հազար մարդու անվտանգ ելքը հնարավոր դարձավ առաջին և գլխավոր հերթին Արցախի իշխանությունների ջանքերի շնորհիվ, այն դեպքում, երբ նրանք, անշուշտ, կրում են կատարվածի համար պատասխանատվության իրենց բաժինը:

Այս վկայությունները ապացում են նաեվ, որ Փաշինյանն ու իր հանցախումբը բացարձակապես ոչինչ չեն ձեռնարկել, ինչը կնպաստեր բռնազավթված Արցախից ֆիզիկական ոչնչացման ուղղակի և ակնհայտ սպառնալիքի տակ գտնվող հազարավոր քաղաքացիական անձանց և զինվորականների անվտանգ ու բարեհաջող (որքան էլ սա անմիանշանակ հնչի) դուրսբերմանը։ Երևանի իշխանություններն այդ օրերին տեղյակ են եղել բացարձակապես ամեն ինչից, ուստի Նիկոլի հանցակիցների՝ Սիմոնյանի, Միրզոյանի և մյուսների ցինիկ ու հանցավոր հայտարարությունները գիտակցված և հենց այդ պատճառով է՛լ ավելի ստոր սուտ են։

Ավելին, հիշեցնեմ այն, ինչի մասին մենք երբեք չպետք է մոռանանք. երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Միրզոյանը զարմանալիորեն համարժեք ներկայացրեց Արցախում տիրող իրավիճակի աղետալիությունը, երբ գրեթե բոլոր բանախոսները պահանջեցին անհապաղ քայլեր ձեռնարկել հայերին օգնելու համար, Նիկոլը հրապարակավ փրկության ծղոտ նետեց Բաքվին՝ հայտարարելով, թե «հայ բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա»։

Կրկնենք. նա հանգամանորեն գիտեր, թե ինչ է կատարվում Արցախում, բայց ոչինչ չէր ձեռնարկում տասնյակ հազարավոր մարդկանց փրկելու համար։ Իսկ այսօր նրա թիմակիցները արտահայտություններ են նետում այն մասին, թե արցախցիներն, իբր, «պետք է մնային ու կռվեին»…

Թեպետ, վերջնական եզրակացություններ անել առայժմ վաղ է: Դեռ շատ բան ենք, անկասկած, իմանալու, և ճշմարտությունը կարող է շատ ավելի հրեշավոր լինել, քան այն ամենը, ինչ հայտնի է այսօր: Մենք դեռ պետք է լիովին գնահատենք տականքների անկման, դավաճանության, բարոյազրկության և նսեմության ողջ խորությունը, որոնք ոչ միայն սարսափելի հանցագործություններ են կատարել Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ, ոչ միայն չեն զղջում իրենց արածի համար, այլև չեն դադարում կատարել դրանք. ամեն օր ու ամեն ժամ: