Ռուբիոն պատմել է Սև ծովում հարվածների մորատորիումի շուրջ պայմանավորվածությունների մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուկրաինական հակամարտության ընթացքում «հրադադարի» ընդլայնման սկզբունքների վերաբերյալ: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Այս շաբաթվա սկզբին Էր Ռիադում փակ փորձագիտական խորհրդակցություններ են անցկացվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև։ ԱՄՆ պատվիրակությունն առանձին հանդիպել է նաև Կիևի ներկայացուցիչների հետ։

Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ն մեկ հանդիպում ունեցել է ՌԴ պատվիրակության, երկուսը ՝ Կիևի ներկայացուցիչների հետ:

«Մենք պայմանավորվածություն ունենք Սև ծովում հրադադարի սկզբունքների վերաբերյալ»,- Քինգսթոնում (Ջամայկա) ասել է Ռուբիոն լրագրողներին։

Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ ռուսական կողմը մի շարք պայմաններ է ներկայացրել, ԱՄՆ-ն ուսումնասիրում է դրանք:

Մարտի 25–ին Կրեմլի կայքում հայտարարություն է հրապարակվել Էր Ռիադում ռուսական և ամերիկյան փորձագիտական խմբերի հանդիպման արդյունքների վերաբերյալ: Դրանում հաղորդվում է, որ ռուսական և ամերիկյան կողմերը պայմանավորվել են ապահովել սևծովյան նախաձեռնության իրականացումը, որը ներառում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումը, ուժի չկիրառումը և ռազմական նպատակներով առևտրային նավերի օգտագործումը թույլ չտալը՝ այդ նավերի զննման միջոցով հսկողության պատշաճ միջոցներ կազմակերպելու միջոցով։ Սակայն պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի միայն մի շարք պայմանների կատարումից հետո, որոնցից մեկը «Ռոսսելխոզբանկի» նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացումն է:

Sputnik Արմենիա