ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀԱՅՈՑ ՏՈՒՆ» ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մարտի 27-ին Հայաստանում տեղի ունեցավ միջոցառում՝ մեկնարկեց «Հայոց տուն» նոր նախաձեռնությունը։ Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նախաձեռնության մանիֆեստի շնորհանդեսը։
Պատմական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակ ունեցող Ռուբեն Կարապետյանի խոսքով՝ «Հայոց տունը» հայկական էլիտայի ձևավորմանն ու ամրապնդմանն ուղղված ապակուսակցական կառույց է՝ հայությանն ու հայոց պետականության գաղափարին նվիրյալ գործիչների ներգրավմամբ:
Նախաձեռնության նպատակն է անվտանգության, արտաքին ու ներքին քաղաքականության, տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հոգևոր, մշակույթի, գիտության, կրթության և այլ ոլորտներում կայացած հայ մասնագետների միավորումը՝ հայկական պետականության ու ազգային ռազմավարության հիմնադրույթների մշակման նպատակով:
Նա ավելացրել է, որ «Հայոց տունը» նաև նպաստելու է հայ երիտասարդության ներուժի բացահայտմանը` միտված Հայաստանի և հայ ազգի բարգավաճմանը:
Կարապետյանը նշել է, որ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ներառյալ Լեռնային Ղարաբաղի օկուպացիան, ներքին հակասությունների խորացումը, սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացումը, հոգևոր արժեքների անկումը և այլ խնդիրներ կարելի է լուծել միայն հայ ժողովդրի պոտենցիալի միավորման միջոցով։
Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր Գևորգ Պողոսյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնությունը բաց է, և դրան կարող են միանալ բոլոր ցանկացողներն ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Նրա խոսքով՝ հասարակության պառակտումը և ատելության մթնոլորտը լուրջ վնաս են պատճառում պետությանը՝ հաշվի առնելով այն, որ թշնամին առաջնորդվում է «բաժանիր և տիրիր» սկզբունքով։ Նա նշել է Հայաստանում և սփյուռքում լավագույն և փորձառու մասնագետների պոտենցիալի համակարգման անհրաժեշտությունը։