Թովմասյան․ Ագազարյանն ու Ասլանյանը քվեարկել են Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին
Իշխող «ՔՊ» կուսակցության խմբակցության նախկին անդամներ Հովիկ Ագազարյանն ու Հակոբ Ասլանյանը ևս քվեարկել են Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։
Դրա մասին մարտի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Մարդը, որը խորհրդարանի ամբիոնից խոսում էր արդարության մասին և հայտարարում, որ իր նկատմամբ քաղաքական հալածանք է իրականացվում, որ Փաշինյանը իրականությունից կտրված է և համապատասխան հանձնարարականներ է տալիս, բողոքում էր «ՔՊ» կուսակցությունից և ի վերջո քվեարկել է Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին։
Սա երկակի ստանդարտների անհասկանալի կիրառում է։ Ես չէի կարող պատկերացնել, որ արդարության մասին հորջորջող մարդը կարող է քվեարկել գլխավոր դատախազին դատարկ մեղադրանքի օգտին։
Տարոն Մարգարյանը մեղադրվում է ուսումնական հաստատություններին հարակից տարածքը ոչ կրթական նպատակներով օտարելու մեջ։ Նմանատիպ բովանդակությամբ կառավարության որոշումների բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել։ Ինչո՞ւ այդ դեպքում Փաշինյանը չի պատժվում: Նա նույն բանն է արել, ինչ Մարգարյանը: Սա երկակի ստանդարտների կիրառում է», -նշել է պատգամավորը։
News.am