Հզոր երկրաշարժ Մյանմայում. ցնցումները զգացել են 5 երկրում, Բանգկոկում ավերածություններ կան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էպիկենտրոնում 7,7 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել Մյանմայում, որին 10 րոպե անց հետևել է 6,4 բալ ուժգնությամբ հետցնցում։ Ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում:

 

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի քաղաքապետարանը բարձրահարկ շենքերի տարհանում է հայտարարել երկրաշարժի պատճառով, քաղաքում ավերածություններ կան, ասվում է քաղաքապետարանի կողմից սոցիալական ցանցերում հրապարակված շտապ հայտարարությունների շարքում:

«Բարձրահարկ շենքերի տարհանումն անհրաժեշտ է դրանց վիճակի անհապաղ ստուգում անցկացնելու համար՝ բնակչության անվտանգության նպատակով»,-ասվում է հայտարարություններից մեկում:

Մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ երկրաշարժի հետևանքով հնարավոր կառուցվածքային վնասների պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ստորգետնյա և վերգետնյա մետրոյի աշխատանքը։

Կադրերում Բանգկոկի շենքերից մեկն է, հաղորդվում է, որ առնվազն 43 բանվոր մնացել է փլուզված շենքի փլատակներում:

Քաղաքապետարանը սոցցանցերում հայտնել է, որ շուտով կհայտարարվի Բանգկոկում տեղի ունեցած վնասների և ավերածությունների մասին նախնական տեղեկատվությունը։

Sputnik Արմենիա