Պեսկով․ Պուտինն ու Թրամփը Ուկրաինայում արտաքին վերահսկողություն մտցնելու հարց չեն քննարկել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցների ընթացքում չեն քննարկել Ուկրաինայում արտաքին վերահսկողություն սահմանելու գաղափարը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հեռախոսային խոսակցությունների ընթացքում (Պուտինի և Թրամփի միջև – խմբ.), որի մասին մենք ձեզ տեղեկացրել ենք, այդ թեման չի շոշափվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՄՆ-ի, եվրոպական երկրների և Ռուսաստանի «գործընկերների և ընկերների» հետ քննարկել ՄԱԿ-ի հովանու ներքո Ուկրաինայում ժամանակավոր միջազգային կառավարում մտցնելու հնարավորությունը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արտաքին վերահսկողությունը թույլ կտա Ուկրաինայում ընտրություններ անցկացնել և բերել մի իշխանություն, որն գործունակ է և վայելում է ժողովրդի վստահությունը։

Sputnik Արմենիա