Սյունիքի նախկին մարզպետի որրդին դատապարտվել է 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ «Լիսկայի» որդին՝ Տիգրան Խաչատրյանը, 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Տիգրան Խաչատրյանը պաշտպան Վահագն Քեշիշյանը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ որոշումը բողոքարկելու են ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ իրավական լուրջ գործընթաց է տեղի ունենալու։

Նշենք, որ նախկին մարզպետի որդուն մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և իր վարած ավտոմեքենայով տեղափոխելու համար։

Բացի այդ, Տիգրան Խաչատրյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի մարմնական վնասվածք հասցնելու մեջ։ Դեպքը տեղի էր ունեցել 2023 թվականի հունիսի 19-ին։

Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել էր 2023 թվականի նոյեմբերի 9-ին, կալանավորվել` նոյեմբերի 13-ին։

2024 թվականի դեկտեմբերի 19–ին Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել էր այլընտրանքային խափանման միջոցով։

Sputnik Արմենիա