Պապիկյանի «ազաբբաշին», որը չի ծառայել բանակում, վերահսկում է զինվորականների ատեստավորման գործընթացը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքի խաչեղբայրը («ազաբբաշին»)` Արմեն Ղալեչյանը, որը չի ծառայել բանակում, վերահսկում է ՀՀ զինված ուժերի բարձրագույն և ավագ սպայական կազմի հերթական ատեստավորման գործընթացը։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Արմեն Ղալեչյանը, որսորդական համազգեստով, ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի կողքին նստած՝ ամենապատասխանատու գործառույթն է իրականացնում՝ վերահսկում է ատեստացիան: Եթե անգամ չի վերահսկում, ապա ներկա է ԶՈւ բարձրագույն սպայակազմի գիտելիքների ստուգմանը։ Այս փաստը վրդովմունք է առաջացրել, ճանապարհ անցած զինվորականները դա համարում են անարգանք իրենց նկատմամբ, քանի որ բանակի հետ կապ չունեցող մարդուն վերակացու են կարգել իրենց գլխին»,–գրում է «Հրապարակը»։

Նշվում է, որ Ղալեչյանը մինչ ՊՆ տեղափոխվելը եղել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, իսկ Պապիկյանի՝ տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ աշխատել է ՏԿԵՆ-ում, Պապիկյանը նրան իր հետ տարել է ՊՆ։

«Ղալեչյանի անունը բազում աղմկահարույց պատմություններում է շրջանառվել, մի քանի տարի առաջ նա «Ծիրանիում» (ռեստորան Կոտայքի մարզում–խմբ.) «ռազբորկայի» էր մասնակցել, իսկ իշխանափոխությունից առաջ հրապարակային ծաղրել էր Աստվածաշունչը և խաչը՝ համարելով, որ խաչ համբուրելը հակահիգիենիկ է»,– հիշեցնում է օրաթերթը:

Ընդգծվում է, որ առհասարակ Սուրեն Պապիկյանն իր բազմաթիվ ընկերներին ու ազգականներին իր հետ համակարգից համակարգ է տեղափոխում, ազատվող հաստիքներում նշանակում մերձավորներին` իր ազդեցությունն ընդլայնելով։

Sputnik Արմենիա