Սարիկ Մինասյան․ Ինձ ապտակող չի ծնվել

Քվեարկել եմ հանուն զարգացող Գյումրու: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Գյումրիի ավագանու ընտրություններում իր քաղաքացիական պարտքը կատարելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը:

«Գյումրեցին իր քվեն հստակ տալու է մեր երեխաների համար, ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար հարեմաշխ քաղաք ունենալու համար: Գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը այսօր կկատարեն, վաղը բոլորդ կհամոզվեք: Աստված բոլորիս օգնական»,-ասաց նա՝ հավելելով, որ իր շանսերը բարձր է գնահատում:

«Մի քանի ժամ է մնացել, բոլորդ կհամոզվեք: Որևէ աթոռ, պաշտոն կամ այլ բան ինձ կյանքում չի փոխի, ես որդուս եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, գյումրեցիներն այսօր իրենց քվեարկությամբ ապացուցելու են դա»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ճիշտ են տեղեկությունները, որ Մարտուն Գրիգորյանն իրեն ապտակել է, նա պատասխանեց. «Ինձ ապտակող չի ծնվել, Մարտուն Գրիգորյանը հերքել է: Խնդրում եմ՝ այդպիսի մանիպուլյացիոն հարցեր մի տվեք»:

Երբ Մինասյանն ասաց, որ այլևս հարցերի չի պատասխանի, լրագրողները հետաքրքրվեցին՝ Ալեն Սիմոնյա՞նն է խորհուրդ տվել հարցերի չպատասխանել, Մինասյանն ասաց. «Ինձ խորհուրդ միայն ընտանիքիս անդամները կարող են տալ: Կհանդիպենք վաղը, կգաք շնորհավորելու, հանգիստ կնստենք, բոլորիդ հետ հետաքրքիր զրույց կունենանք»:

News.am