Գոռ Սարիբեկյան․ Ես որևէ մեկին միավորվելու ցանկություն չունեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ես խնդիրները բաժանում եմ երկու մասի՝ նյութական և ոչ նյութական. նյութական խնդիրները ենթակառուցվածքների բարելավմանն է վերաբերում, բայց ինձ համար ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ կան, ոչ նյութական՝ դա փոխըմբռնման միջավայրը ստեղծելն է և վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելն է. վախենում են տարբեր ուժերից՝ հանցավոր և ոչ հանցավոր։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Փարաքարում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններում «Կայունություն» կուսակցության ցուցակը գլխավորող Գոռ Սարիբեկյանը:

 

«Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի և բալանս և եղբայրություն եմ ապահովելու մեր համայնքին։ Ես որևէ մեկին միավորվելու պարտավորություն և ցանկություն չունեմ։ Ես չեմ կիսում այն կարծիքը, որ որևէ հանցագործության մեջ թաթախված անձ իրավունք ունի ղեկավարել համայնքը՝ հաշվի առնելով հենց այն նույն բարեվարքությունը: Ժողովուրդը ակնկալում է արդար կառավարում, իսկ հանցավորության մեջ թաթախված անձը չի կարող արդար կառավարում իրականացնել»,- ասաց նա:

Սարիբեկյանը հավելեց, որ ժողովուրդն իմաստուն է և նրա կայացրած ցանկացած որոշում իր համար ընդունելի է:

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ:

1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:

2 «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:

3 «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը

4 «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը:

News.am