Վարդան Ղուկասյան․ Եթե ես շատ ձայն հավաքեմ, ես չեմ միանա մյուս ընդդիմադիր ուժերին

Գյումրու նախկին քաղաքապետ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության` Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը եթե մյուս ընդդիմադիր թեկնածուների համեմատ քիչ ձայն հավաքի, ապա կմիանա նրանց։ Այդ մասին նա ասաց ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում։

«Ես ասել եմ` ով շատ ձայն կհավաքի, մենք միանշանակ միանալու ենք նրան և առանց պաշտոն զբաղեցնելու։ Եթե ես շատ ձայն հավաքեցի, ապա այդ սկզբունքը պետք է պահպանեն նաև իմ դեպքում։ Ով չհամաձայնեց, ապա ՔՊ–ի հետ համագործակցում է, ով այլ կերպ արեց, ես այդ մասին բարձրաձայնելու եմ։ Իսկ եթե իմ ձայներն ընդդիմադիր բոլոր թեկնածուների ձայների հանրագումարից շատ եղավ, ես միանշանակ չեմ միանա, ինչպես գյումրեցիներն են ասում այդ դեպքում` եփած հավի խնդալը կգա»,– հայտարարեց Ղուկասյանը։

Նա նշեց, որ մինչ այս պահը դեռ ոչ մի թեկնածուի հետ քննարկում չի ունեցել, ոչ մեկին չի տեսել։

Անդրադառնալով այս կամ այն թեկնածուի հետ հետագայում հնարավոր համագործակցության մասին և, մասնավորապես, ՔՊ թեկնածուի հետ համագործակցելուն` Ղուկասյանը նշեց. «Արցախը հանձնողների հետ, եթե իմ պես տղեն միանում է, ուրեմն իմ արյունը սուտ է։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, եթե նույնիսկ ոտքս էլ, ձեռքս էլ կտրվի, ինձ համար ամենաբարձրը ՀՀ–ն է ու հայ ժողովուրդը»։

Ինչ վերաբերում է «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանին, ապա նրա հետ էլ կոալիցիա չի կազմ։

«Ինքը ԼԳԲՏ–ին հովանավորում է։ Այս երկրում ով ԼԳԲՏ–ին ու տրանսգենդերներին տեղ է տալիս, մեր հայոց եկեղեցին, մեր նախնիները դեմ են եղել դրան, ես նույնպես միանշանակ դեմ եմ ու չեմ ուզում, որ մեր երեխաները փչանան»,– հայտարարեց Ղուկասյանը։

Նա անդրադարձավ նաև ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությանը` նշելով, որ նրան հարգում է, միասին աշխատել են, սակայն քաղաքական առումով միասին չեն։

«Ես հարցեր ունեմ Ռոբերտ Քոչարյանին տալու։ Երբ իմ հարցերը սպառիչ կլինեն, միանշանակ կհամագործակցեմ քաղաքական առումով»,– ընդգծեց Ղուկասյանը։

Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։

Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։

Sputnik Արմենիա