ԿԸՀ․ 8.47%. Գյումրիում և Փարաքարում ժամը 11։00–ին այսքան է ընտրությունների մասնակցությունը

Գյումրի և Փարաքար համայնքներում ժամը 11։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 11 194 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 8.47%–ը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 3094 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 14.76%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 11:00-ի դրությամբ, մասնակցել է 8100 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 7.28%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

Հիշեցնենք` Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները 2024 թ. հոկտեմբերին վայր դրեցին իրենց մանդատները։ Նրանց թվում էր նաև քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։ Դրանից հետո ինքնաբացարկ հայտնեցին նաև դաշինքի ցուցակի բոլոր ներկայացուցիչները։

Դեկտեմբերին անցկացված նախնական ընտրությունների արդյունքում քաղաքապետի պաշտոնակատար դարձավ Սարիկ Մինասյանը։

Փարաքար խոշորացված համայնքի ՔՊ–ական ղեկավար Լյուդվիգ Գյուլնազարյանն էլ հրաժարական է ներկայացրել 2024 թ. նոյեմբերին այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հայտնեցին, որ դրանից 2 օր առաջ Երևանում տեղի ունեցած վիճաբանության, ապա սպանության վայրում նաև նա է եղել։

Sputnik Արմենիա