Լևոն Բարսեղյան․ Չենք պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել
Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը Գյումրիում ավագանու ՏԻՄ արտահերթ ընտրություններում ընտրողների մասնակցությունը նորմալ է գնահատում։ Այսօր՝ մարտի 30-ին, քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ կանխատեսում է 33-35 տոկոս մասնակցությունը, որը, ըստ նրա, բարձր մասնակցություն է։
Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բայց համագործակցել կարող են, քանի որ ավագանու անդամ ուժերը այսպես թե այնպես համագործակցելու են, և դա օրենքի պահանջ է։
«Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ոչ բացահայտ, ոչ քողարկված որևէ բանակցություն չկա և չի լինելու»,- ասաց նա:
Լևոն Բարսեղյանն անհավանական է համարում, որ ընտրություններին մասնակցող որևէ ուժ կհավաքի ավագանու ձայների կեսից ավելին՝ 17 և ավելի ձայն։
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են տեղի ունենում։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։
News.am